Ուկրաինա․ պատմում է առևանգված լրագրողը

«Լսում էի ճիչեր, լսում էի, թե ինչպես են հարցաքննում մյուսներին։ Նրանց պարզապես խոշտանգում էին»։

Ուկրաինա․ պատմում է առևանգված լրագրողը

«Լսում էի ճիչեր, լսում էի, թե ինչպես են հարցաքննում մյուսներին։ Նրանց պարզապես խոշտանգում էին»։

Oleh Baturin was kidnapped on March 12 and subjected to eight days of physical and psychological pressure before being released.
Oleh Baturin was kidnapped on March 12 and subjected to eight days of physical and psychological pressure before being released. © Photo courtesy of O. Baturin
Monday, 28 March, 2022
IWPR

IWPR

Institute for War & Peace Reporting

Ռուսական ուժերի թիրախում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Ուկրաինայում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներ․ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներում անկախ լրագրողներին ահաբեկում են, սպառնում և առևանգում։

Առաջին առևանգվածներից մեկը Օլեգ Բատուրինն էր՝ Խերսոնի տարածաշրջանային «Новий день» թերթի՝ 35,000 բնակչություն ունեցող Նովա Կախովկա քաղաքի թղթակիցը։ Նա առևանգվել էր մարտի 12-ին և ութ օր շարունակ, մինչև ազատ արձակվելը, ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Ուկրաինայի խմբագիր Անդրեյ Յանիցկին խոսել է Բատուրինի հետ վերջինիս փորձառության և Խերսոնում ռուսական օկուպացիայի ներքո կյանքի մասին։

ՊԽԼԻ․ Ի՞նչ տեղի ունեցավ մարտի 12-ին, երբ Ձեզ առևանգեցին։

Օլեգ Բատուրին․ Ինձ զանգահարեց մի ծանոթ ակտիվիստ ու առաջարկեց երեկոյան հանդիպել ավտոբուսի կանգառում։ Ինչպես հետագայում իմացա, այն ժամանակ նա արդեն առևանգված էր ռուսների կողմից։ Ես եկա կանգառ ու ինձ շրջապատեցին զինված զինվորներ։ Նրանք պահանջեցին, որպեսզի հանձնեմ փաստաթղթերս ու հեռախոսս, որոնք ինձ հետ չէին։ Ձեռնաշղթաներ հագցրին ու գցեցին ֆուրգոնի հատակին։ Նրանցից մեկը ոտքով հարվածեց մեջքիս։

Ինձ տարան քաղաքապետարանի շենք, որտեղ սկսեցին հարցաքննել։ Ծեծում էին։ Հետո տեղափոխեցին մեկ այլ շենք՝ ոստիկանություն։ Այնտեղ ձեռնաշղթաներով կապեցին (ջեռուցման) մարտկոցի, և մինչև մարտի 13-ի առավոտյան թողեցին այդ ցուրտ սենյակում։ Ձեռնաշղթաները շատ ձիգ էին, ձեռքերս այտուցվել էին։ Առավոտյան եկան իմ հետևից, ու մտածեցի, որ նրանք պատրաստվում են ինձ սպանել։

Բայց ճանապարհն այնքան երկար էր, որ մտածեցի՝ հազիվ թե հիմա ինձ սպանեն։ Ինձ տարան մեկ այլ շինություն։ Ավելի ուշ իմացա, որ Խերսոնի տարածաշրջանային վարչական կենտրոնն էր։

Ի՞նչ պատահեց Խերսոնում։

Առաջին օրն ինձ ո՛չ ջուր էին տալիս, ո՛չ սնունդ, թույլ չէին տալիս զուգարան գնալ։ Խերսոնում պայմաններն ավելի լավ էին։ Հարցաքննությունների ժամանակ ֆիզիկական ճնշում չէր կիրառվում՝ միայն հոգեբանական։

Ի՞նչ էին հարցնում։

Ինձ ոչ մի հստակ ձևակերպված պահանջ չի ներկայացվել։ Բայց նրանք շատ լավ հասկանում էին, որ ես լրագրող եմ։ Ասում էին․ «Լրագրող ես, ինչ ես, գրելդ թարգիր»։ Ռուսներին նաև հետաքրքրում էին օկուպացիայի դեմ փողոցային ցույցերի կազմակերպիչները։ Նրանք չէին հասկանում, որ մարդիկ պարզապես կարող են հրապարակ դուրս գալ իրենց ազատ կամքով։

Ու ես ճիչեր էի լսում, լսում էի, թե ինչպես են ուրիշներին հարցաքննում։ Հավանաբար ուկրաինացի վետերանների։ Չէի ուզենա նորից լսել այդ ամենը։ Նրանց ուղղակի խոշտանգում էին։

Հարցաքննությունից հետո նրանք վերցրեցին մատնահետքերս, զգուշացրին, որ հետևելու են ինձ, ու բաց թողեցին՝ նույնիսկ հասցրեցին մինչև Նովա Կախովկա։ Ես գերության մեջ անցկացրել եմ ութ օր։

Ինչու՞ էին Ձեզ առևանգել, ունե՞ք բացատրություն։

Կարծում եմ՝ դա վրեժ էր՝ ի պատասխան տեղական իշխանության, իշխանությունը զավթած ավազակախմբի, կոռուպցիայի վերաբերյալ իմ քննադատական հրապարակումների։

Ի՞նչը Ձեզ զարմացրեց ռուսների մեջ։

Նրանք հարցնում էին․ «Ե՞րբ է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչու՞ մայիսի 9-ին չեք տոնում Հաղթանակի օրը [նացիստների պարտությանը հաջորդող օրը]։ Նրանց ասում էին, որ մենք տոնո՛ւմ ենք այդ օրը, և մայիսի 9-ին Խերսոնում շատ մարդիկ են դուրս գալիս փողոց։ Նրանց գլխում չէր տեղավորվում [որ ուկրաինացիները չեն սատարում նացիստներին]։ Այդ ամենը կոտրում էր իրականության մասին նրանց բոլոր պատկերացումները։

Նրանց նաև շատ էին զարմացնում բողոքի ցույցերը։ Հարցաքննությունից հետո ես փողոցից աղմուկ լսեցի։ Պարզվեց՝ մեծաքանակ հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Եւ այս զինվորներն իրար մեջ խոսում էին, որ չեն հասկանում, թե ինչի դեմ են ընդվզում մարդիկ։ «Մենք եկել ենք նրանց փրկելու, իսկ նրանք բողոքի ցույցեր են անում այստեղ»։

Բայց սա չի նշանակում, թե ուկրաինական տարածքներն օկուպացնելու վերաբերյալ նրանց մտադրությունները փոխվել են։ Նրանք ասում էին, որ գրավելու են Միկոլաևը, Օդեսան և «լուծելու են բոլորի հարցերն», ովքեր դեմ դուրս կգան։

Օկուպացիոն ուժերը ե՞րբ հայտնվեցին ձեր քաղաքում։

Մարտի 8-ի դրությամբ ռուսներն արդեն այցելել էին տեղացի ուկրաինացի ակտիվիստի, հաջորդ երեք օրերի ընթացքում խոշոր մայրուղիներում անցակետեր տեղադրեցին։ Սկսեցին շրջել բնակավայրերով, հանդիպել տեղական իշխանությունների հետ և [փորձել] համոզել նրանց իրենց կողմն անցնել։

Ռուսներն, աստիճանաբար, սկսեցին դիրքեր գրավել Խերսոնի շրջանում։ Մեծ թվով զինծառայողներ սկսեցին տեղակայվել դպրոցներում և մանկապարտեզներում։ Մասնավորապես, Զելենիյ Պոդ բնակավայրում ռազմաբազա է կառուցվել։ Նրանք գրավել են Դնեպրի երկայնքով տեղակայված բոլոր գյուղերը, դատարկված տները։

Սովորական մարդկանց կյանքն ինչպե՞ս է փոխվել ռուսների ներխուժումից հետո։

Ուկրաինական մալուխային հեռուստատեսությունը, կարճ ժամանակ անց՝ նաև թվայինն, անմիջապես փոխարինվեց ռուսականով։ Հետո սկսվեց «խստացված վերահսկողությունը»։ Մի երկու օր առաջ Կախովկայում մղձավանջ էր․ մեքենաներ էին կանգնեցնում, ստուգում մարդկանց փաստաթղթերը։ Պատմում էին, որ գյուղերի միջով ռազմական տեխնիկա էր տեղաշարժվում։

Ինչպե՞ս են ռուսներն իրենց պահում։ Կիևի մերձակայքում արձանագրվել են դիակապտության, խաղաղ բնակչության սպանությունների և բռնաբարությունների դեպքեր։

Ես լսել եմ նաև թալանի դեպքերի մասին։ Մարդիկ գնում են շուկա՝ միս վաճառելու, ռուսները նրանց կանգնեցնում են, խլում միսը։ Կամ մտնում են մասնավոր տան բակ, խոզ տեսան՝ տեղում մորթում են, ընթրիք է։ Նրանք գողացել են հրշեջ ու շտապօգնության մեքենաներ, դպրոցական ավտոբուսներ, մասնավոր ավտոմեքենաներ։ Մի իրավիճակում չէին կարողացել գործարկել մեքենան ու ինքնաձիգ հրացաններով կրակել էին վրան։

Ինչպե՞ս կարելի է բացատրել տեղացիների հանդեպ նման վերաբերմունքը։ Նրանք բավականաչափ սնու՞նդ չունեն։

Ոչ, Ղրիմից անդադար մեքենաներով սնունդ են հասցնում նրանց։ Նրանք, հավանաբար, ահաբեկում են տեղի բնակչությանը, որովհետև իրենց ծաղիկներով չեն դիմավորել։

Մարդկանց համար բավարար քանակի սնունդ ու դեղամիջոցներ կա՞ն։

Պարենի հարցը փոքրիշատե բավարար է, պահեստներ, պաշարներ ունենք։ Բայց դեղամիջոցների հետ կապված իրավիճակն աղետալի է։ Չկան հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղեր։

Ըստ ռուսական պորպագանդայի՝ տեղացիներին սնունդ և դեղամիջոցներ են բաժանվում։ Այդպե՞ս է։

Սննդի փաթեթներ միջնորդների միջոցով բաժանվել են, բայց չգիտեմ, թե ինչ կա դրանցում։ Իմ ծանոթներից որևէ մեկը չի վերցրել դրանցից։

Խերսոնի տարածաշրջանում դեռևս մնացե՞լ են անկախ լրագրողներ։

Որոշ լրագրողներ կան, բայց շատ կայքեր փակվել են կամ արգելափակվել։ Որոշները միայն սոցիալական մեդիա հարթակներում են շարունակում աշխատել։ Աճել է այսպես կոչված հանրային լրագրողների՝ այսինքն կարևոր պահերը սմարթֆոններով կամ տեսախցիկներով արձանագրող սովորական մարդկանց ազդեցությունը։

Տարածաշրջանում աշխատու՞մ են օտարերկրյա լրագրողներ, օրինակ՝ BBC-ից։

Խերսոնում դեռևս կա «Նովայա գազետան», մի քանի այլ անկախ պարբերականներ, բայց հեռուստատեսություն չեմ տեսել։ Փոխարենը շատ են ռուս պրոպագանդիստները, նրանք «պատկեր» են ստեղծում ռուսական լսարանի համար։

Խերսոնում ուկրաինացիները բողոքում են օկուպանտների դեմ, թեև վերջիններս զինված են տանկերով ու գնդացիրներով։ Չե՞ն վախենում։

Վախենում են, իհարկե, հատկապես սկզբում մարդիկ վախենում էին։ Բայց առաջին ցույցից անմիջապես հետո վախի զգացողությունն անհետացավ։ Մարդիկ սկսեցին դուրս գալ, որպեսզի չվախենան։ Նրանք տեսնում են, որ մենակ չեն, որ շատերը համաձայն չեն օկուպացիայի հետ, և նրանք դուրս են գալիս։

Ռուսները, սակայն, գնալով ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների են դիմում․ մարդկանց վրա կրակել են, կան վիրավորներ։ Մարդկանց ձերբակալում են։

Չեմ կարծում, որ դա ազդեցություն կունենա։ Նրանք գրավել են հողը, բայց մարդկանց մտքերը գերեվարված չեն։ Խերսոնի բնակիչները շատ հստակ են արտահայտում իրենց ուկրաինամետ դիրքորոշումը։

Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

Ukraine Voices
Ukraine
Frontline Updates
Support local journalists