Հաագայի դատարանը կքննի ռուս-վրացական հակամարտության հանգամանքները
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի կարծիքով՝ 2008 թվականի հակամարտության ընթացքում ենթադրաբար կատարված հանցագործությունների ուսումնասիրության համար բավարար հիմքեր կան:
Հաագայի դատարանը կքննի ռուս-վրացական հակամարտության հանգամանքները
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի կարծիքով՝ 2008 թվականի հակամարտության ընթացքում ենթադրաբար կատարված հանցագործությունների ուսումնասիրության համար բավարար հիմքեր կան:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծագած հակամարտությունից ավելի քան 7 տարի անց, Հաագայի դատարանի մեղադրողը թույլտվություն է խնդրել դատավորներից՝ այդ ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները քննելու համար:
Պատերազմը սկսվեց 2008-ի օգոստոսին, երբ վրացական զորքերը ներխուժեցին իրեն անկախ հռչակած Հարավային Օսիա՝այս տարածքի նկատմամբ Վրաստանի վերահսկողությունը վերահաստատելու համար: Ռուսական բանակն անցավ սահմանը՝ դուրս մղելով վրացական զորքերին Հարավային Օսիայից ու հետապնդելով նրանց ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Թբիլիսին: Ռուսական բանակն այնուհետեւ անցել էր Աբխազիայից հարավ՝Վրաստանի արեւմտյան հատվածները գրավելու նպատակով:
Այս կարճատեւ հակամարտության ընթացքում հարյուրավոր զոհեր եղան, իսկ տարհանվածների թիվը անցավ հարյուր հազարը: Մոսկվան իր զինված ուժերը հետ քաշեց դեպի Հարավային Օսիա եւ Աբխազիա՝ եւ հաշվի չառնելով Թբիլիսիի ու միջազգային հանրության շփոթմունքը, հապշտապ ճանաչեց երկու շրջանները որպես անկախ պետություններ:
2008 թվականի օգոստոսից ի վեր, Միջազգային քրեական դատարանը զբաղվում էր հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների նախաքննությամբ: Հոկտեմբերի 13-ին Հաագայի միջազգային դատարանի մեղադրող Ֆաթու Բենսուդան գործը տեղափոխեց այլ մակարդակ՝ խնդրելով դատարանին թույլ տալ գործի լիարժեք հետաքննություն սկսել, քանի որ, նրա կարծիքով «ողջամիտ հիմքեր կային այն շարունակելու համար»:
Եթե Բենսուդայի առաջարկին հավանություն տրվի, ապա գործի շրջանակներում կատարվող նախաքննության ընթացքում կուսումնասիրվեն 2008 թվականի հուլիսի մեկից մինչեւ օգոստոսի տասն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները: Վրաստանի զինված ուժերը սկսեցին առաջխաղացումն օգոստոսի 7-ին, իսկ ռուսական բանակը, արագ արձագանքելով, ներթափանցեց տարածաշրաջան՝ առաջանալով Հարավային Օսիայի սահմաններից դուրս:
Օգոստոսի 12-ին կողմերի միջեւ զինադադար կնքվեց, սակայն Բենսուդայի դիմումի մեջ նշվում է, որ նույնիսկ դրանից հետո «հանցագործությունները շարունակվում էին»: Ինչպես նշվում է փաստաթղթում, հետագայում կնքված համաձայնագրով՝ «ռուսական զորքերի դուրս բերման վերջնաժամկետը Հարավային Օսիայի վարչական սահմանից 2008 թվականի հոկտեմբերի 10-ն էր»:
Հաագայի միջազգային քրեական դատարանն իրավասու է հետաքննել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցանքները եւ ցեղասպանությունը, երբ ազգային մարմինները չեն ցանկանում կամ չեն կարողանում դա անել: Դատարանը կարող է այդ քայլին դիմել այն պետությունների տարածքում, որոնք ստորագրել են իր հիմնադիր փաստաթուղթը՝ Հռոմի կանոնադրությունը:
Չնայած Հարավային Օսիան իրեն անկախ է հռչակել եւ այժմ գտնվում է ռուսական ռազմական վերահսկողության տակ, այն միջազգայնորեն համարվում է Վրաստանի տարածքի մասը, հետեւաբար՝ Հաագայի դատարանի իրավասությունները տարածվում են նրա վրա: Միջազգային քրեական դատարանի մեղադրողի ներկայացրած առաջարկը չի վերաբերում Աբխազիային, որի սահմանից հարավ տեղի ունեցավ ռուսական զինված ուժերի առաջխաղացումը նրանց դուրսբերումից հետո:
ՎՐԱՍՏԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ՏԵՂՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Հակամարտությանը հաջորդող ամիսների ընթացքում, առնվազն երեք անկախ հետազոտությունների շրջանակներում մեկ շաբաթ տեւած պատերազմի ընթացքում եւ նրանից հետո տեղի ունեցած խոշտանգումների, մահապատիժների, այրված ու թալանված գյուղերի մասին ապացույցներ հավաքվեցին:
Այս հետազոտություններից մեկը, որն իրականացվել էր 2009 թվականին եւ կոչվում էր, «Օգոստոսյան ավերակներ», պատրաստվել էր վրացական հինգ ՀԿ-ների համատեղ ջանքերով եւ կոչ էր անում Հաագայի միջազգային դատարանին գործի ավելի մանրամասն հետաքննություն իրականացրել:
«Այս հրապարակումը երբեք չի ձգտել համապարփակ գնահատական տալ կատարվածին, քանի որ մենք մուտք ենք ունեցել միայն դեպի Վրաստանի կողմից վերահսկվող տարածքներ», - հայտարարել է զեկույցի պատրաստմանը մասնակցած Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Աննա Նացվլիշվիլին:
Հետագա տարիներին վրացական ՀԿ-ները շարունակում էին պայքարել Հաագայի դատարանի կողմից պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար՝ շեշտելով դատարանի «անժխտելի դերը» արդարության վերականգնման գործում:
Քանի որ ո՛չ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Հաագայի դատարանի անդամ պետություններից որեւէ մեկը հայց չեն ներկայացրել դատարան, ապա դատարանի Նախնական քննության պալատին Ֆաթու Բենսուդայի կողմից ներկայացված դիմումը հետաքննություն սկսելու միակ ուղին է:
«Մենք շատ գոհ ենք, որ դատախազն այս շատ կարեւոր քայլն է արել եւ խնդրել Նախնական քննության պալատին հետաքննություն կատարելու թույլտվություն տալ», - նշում է Նացվլիշվիլին:
Բենսուդան իր դիմումում նշում է՝ կան լուրջ հիմքեր հավատալու, որ հանցագործություններ կատարել են հակամարտության բոլոր երեք կողմերը՝ թե՛ Վրաստանը, թե՛Ռուսաստանը, թե՛ Հարավային Օսիան ինչպես կարճատեւ պատերազմի ընթացքում եւ նրանից հետո, այնպես էլ զինադադարի հաստատումից հետո:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ արժանահավատ հիմքեր կան ենթադրելու, որ հարավօսական ուժերը, ռուսական զինուժի հավանական մասնակցությամբ, պատերազմական հանցագործություններ են կատարել՝սպանելով եւ տեղահանելով էթնիկ վրացիներին: Դատախազը գրում է, որ ըստ արժանահավատ տեղեկությունների՝ եւ՛ հարավօսական, եւ՛ վրացական զինված ուժերը պատերազմական հանցագործություններ են կատարել՝ հարձակվելով խաղաղապահ ուժերի վրա: Հարավօսական ուժերը կարող էին նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ գործած լինել «Հարավային Օսիայում պարբերաբար հարձակումներ գործելով էթնիկ վրացական քաղաքացիական բնակչության վրա»:
Ի վերջո, հետաքննության ժամանակ կուսումնասիրվեն նաեւ վրացական եւ ռուսական զորքերի կողմից քաղաքացիական բնակչության դեմ կատարված «անխնա եւ անհամաչափ» հարձակումները:
Թինաթին Խիդաշելին, ով պատրաստել եւ խմբագրել է ՀԿ-ների կողմից 2009-ին նախաձեռնած «Օգոստոսյան ավերակներ» զեկույցը, Վրաստանի ներկայիս պաշտպանության նախարարն է: Խիդաշելին համոզված է, որ վրացական կողմը պատերազմական հանցագործություններից զերծ է մնացել:
«Որքան ինձ հայտնի է, իսկ ես կարծում եմ, որ ավելին գիտեմ այս պատերազմի մասին, քան շատերն այս երկրում եւ հարեւան հյուսիսային պետությունում, այժմ ես ավելի ամուր դիրքեր ունեմ, քան այն ժամանակ, քանի որ ինձ հասանելի են փաստաթղթեր, որոնք այդ ժամանակ իմ ձեռքի տակ չկային: Որքան էլ որ … որքան էլ որ ես ատեի այն, ինչ անում էր (նախագահ Միխայիլ) Սահակաշվիլին այս երկրում, հատկապես իր նախագահության վերջին յոթ տարիներին, ոչ մի ապացույց չկա, որ վրացական կողմը որեւէ հանցանք է գործել», - շեշտում է նախարարը IWPR-ի հետ զրույցում:
Վրացական զինուժի կողմից ենթադրյալ հարձակումները ռուս խաղաղապահների վրա հատկապես վիճելի են: Խաղաղապահները, միջազգային իրավունքի համաձայն, պաշտպանված են քաղաքացիական կարգավիճակով, սակայն Խիդաշելին եւ մյուսները պնդում են, որ նրանք կորցրել են այդ կարգավիճակը՝ կրակ բացելով վրացական զորքերի վրա:
«Խաղաղապահները հակառակորդի սովորական զինվորներ էին, [ինչպես] Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր մտել էին Ցխինվալի: Բացարձակապես ոչ մի տարբերություն չկար նրանց միջեւ, - նշում է Խիդաշելին,- Իսկ եթե որեւէ բանակի ներկայացուցիչներ կրակ են բացում ձեզ վրա, ապա այո՛, դուք կպատասխանեք, եթե զինվոր եք ու զենք եք կրում»:
ԻՆՉՈ՞Ւ Է ԲԵՆՍՈՒԴԱՆ ԳՈՐԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Տարիներ տեւած նախնական ուսումնասիրություններից հետո, Հաագայի դատարանի մեղադրողը դեռեւս 2011-ին ռազմական հանցագործության հետքեր էր գտել ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործողություններում: Ուրեմն ինչո՞ւ է նա միայն այժմ որոշել ընթացք տալ գործի հետաքննությանը:
Դատախազը բացատրում է ընտրված ժամանակահատվածը նրանով, որ Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունները նախկինում սեփական նախաձեռնությամբ են ուսումնասիրություններ իրականացրել եւ թվում էր՝ նրանք որոշակի առաջընթաց էին գրանցել: Որպես գերագույն ատյանի դատարան, Միջազգային քրեական դատարանը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե ազգային իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում քննել գործի հանգամանքները սեփական նախաձեռնությամբ:
Բենսուդայի դիմումի համաձայն՝Վրաստանի կառավարությունն այս տարվա մարտին իրեն ծանուցում էր ուղարկել, որտեղ նշվում էր, որ այն դադարեցրել է գործի քննությունն անորոշ ժամանակով:
«Ոչ ոք չի կարող որեւէ փաստարկ բերել այն բանի վերաբերյալ, թե ինչպես կարող էր վրացական կողմի իրականացրած հետաքննությունը հակամարտության առաջին իսկ օրվանից արդյունավետ լինել: Մենք չենք կարող օկուպացված տարածք մուտք գործել: Մենք չենք կարող գնալ Ռուսաստան եւ հարցաքննել վկաներին: Մեզ համար ապացույցներն անհասանելի են: Սա պարզապես զավեշտալի է», - ասում է Խիդաշելին՝ հավելելով, որ Հաագայի դատարանի կողմից հակամարտության հանգամանքների հետաքննության հնարավորությունը նա ընդունում է շնորհակալության եւ շփոթմունքի զգացումով:
«Ես ընդհանրապես որեւէ կասկած չունեմ Միջազգային քրեական դատարանի կամ դատախազի անկախության վերաբերյալ, սակայն միեւնույն ժամանակ, բոլորս էլ գիտենք, որ, ցավոք, համաշխարհային քաղաքականությունը նման իրադրություններում միշտ էլ իր դերն է ունենում», - նշում է պաշտպանության նախարարը:
Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքս Ուայթինգը, ով նախկինում աշխատել է Հաագայի դատարանի դատախազությունում եւ մասնակցել է «Օգոստոսյան ավերակներ» զեկույցի պատրաստմանը որպես արտասահմանցի փորձագետ, բացատրեց IWPR-ին, թե ինչու է Ֆաթու Բենսուդան որոշել այդ պահին անցնել վճռական գործողությունների:
«Կարծում եմ՝ Հաագայի դատարանը կարող էր ավելի վաղ ցույց տալ, որ ներքին քրեական հետապնդումներ չէին լինելու, հետեւաբար, հետաքննությունը հնարավոր կլիներ ընդունել Միջազգային դատարանի վարույթ, սակայն երկու գործոններ ստիպեցին Դատարանին չշտապել: Նախ՝ դատարանը չափազանց զբաղված է եւ սուղ միջոցներ ունի, այդ պատճառով դեռ չուսումնասիրված գործերի ցանկ կա: Երկրորդ գործոնն այն է, որ ակնհայտորեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Վրաստանը որեւէ ցանկություն չունեին սկսել պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը: Եվ չնայած Վրաստանը Հռոմի կանոնադրության անդամ պետություն է, այն երբեք չի դիմել Հաագայի միջազգային դատարան՝ պատերազմի հանցագործություններն ուսումնասիրելու համար: Ուստի՝ դատարանում գիտեին, որ հետաքննությունը դժվար է լինելու, իսկ հաջողության հասնելու հնարավորությունները նվազում են: Սակայն ի վերջո, անգամ եթե Հաագայի դատարանը որեւէ խնդրի շուրջ համագործակցության փոքր եզրեր է գտնում պետությունների հետ, այն սկսում է գործի քննությունը` բավարար հիմքեր ունենալու պայմանով, ինչպես տվյալ դեպքում է», -նշում է փորձագետը:
Եթե պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը շարունակվի, ինչը, Ուայթինգի խոսքով, շատ հավանական է, այն կլինի իր տեսակով առաջինը: Նախեւառաջ, սա կլինի առաջին դեպքը, երբ Հաագայի դատարանը լիարժեք հետաքննություն կսկսի Աֆրիկայի սահմաններից դուրս:
2003 թվականից հետո՝Դատարանի ստեղծումից ի վեր, այն ինը գործերով հետաքննություն է իրականացրել Աֆրիկայի ութ երկրներում:
Նացվլիշվիլին կարծում է` այն փաստը, որ Հաագայի դատարանը պատրաստ է Աֆրիկայի սահմաններից դուրս գործի քննություն սկսել, արդեն տպավորիչ է:
«Իմ կարծիքով՝ սա կարեւոր ուղերձ է եվրոպական երկրներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին այն մասին, որ միջազգային հանցագործությունները, պատերազմական հանցանքները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները տեղի չեն ունենում միայն հեռավոր աֆրիկյան երկրներում, որոնք դեռ զարգացման փուլում են եւ զուրկ են հզոր հաստատություններից ու կայուն միջավայրից: Նման խնդիրներ միայն Աֆրիկայում չեն լինում», - ասում է իրավաբանը:
Մյուս կողմից, 2008-ի հակամարտության հետաքննությունն առաջին անգամ կներառի Հռոմի կանոնադրության անդամ չհանդիսացող պետությանը՝ Ռուսաստանին: Սակայն սա նաեւ կնվազեցնի մեղավորների դատապարտման հավանականությունը: Հետաքննության ընթացքում կպահանջվի բոլոր կողմերի համագործակցությունը: Առանց դրա, ըստ Ուայթինգի, հաջողության հասնելու հնարավորությունները զգալիորեն նվազում են:
«Just Security» անվտանգության հարցերին նվիրված ֆորումում վերջերս հրապարկված հոդվածում Ուայթինգը կարծիք է հայտնում, որ հատկապես վրացական զինված ուժերի դեմ հնչող մեղադրանքները դժվար կլինի ապացուցել: Փորձագետը նշում է, որ հույս չունի, թե մոտ ապագայում Հաագայում այս գործով կասկածյալներ կլինեն:
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԳՆՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է
Հաագայի դատարանն արդեն իսկ հավանական քննադատության թիրախում է հայտնվել մեղադրյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու փորձը ձախողելու համար: Անցյալ տարի դատախազը ստիպված էր կարճել Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատտայի դեմ 2007-2008 թվականներին կատարած ընտրախախտումների կապակցությամբ հարուցված քրեական գործը, երբ Քենիայի կառավարությունը պարզապես չհանձնեց դատարանին գործի հետ կապված կարեւորագույն ապացույցները:
2003-ից՝ իր ստեղծման օրվանից, Հաագայի դատարանն ընդամենը երկու գործով է հասել մեղադրական դատավճռի իրականացման, չնայած դեռեւս 25 անհատների դեմ հարուցած գործեր կան նրա վարույթում:
Դատարանի ցածր արդյունավետությունը մասնակիորեն բացատրվում է նրա ունեցած սուղ միջոցներով: Այնուամենայնիվ, վերջին տարիներին, դատարանի եւ հատկապես դատախազության բյուջեն մեծացել է: 2013 թվականին դատախազության բյուջեն կազմել է 28,3 միլիոն եվրո, իսկ 2016-ի համար նախատեսված բյուջեն կկազմի ավելի քան 46 միլիոն:
Մինչ այժմ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը չեն հրաժարվել Հաագայի դատարանի հետ համագործակցելուց: Ուայթինգի խոսքով՝չնայած երկրներից ոչ մեկը չի դիմել Հաագայի դատարան՝պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու հայցով, նրանցից յուրաքանչյուրն ունի տեղեկատվություն տրամադրելու սեփական դրդապատճառները:
«Քանի որ այս գործում երկու երկրներն են ներգրավված, նրանից յուրաքանչյուրը կունենա իր խթանները մյուսի դեմ գործելու համար՝ տրամադրելով տեղեկատվություն հակառակորդի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ: Հաագայի դատարանը պետք է զգուշությամբ եւ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրի այս ապացույցները: Մյուս կողմից, սա նաեւ հնարավորություն կտա դատարանին առաջընթացի հասնել այս գործերում», - նշում է Ուայթինգն IWPR-ին ուղղված էլեկտրոնային նամակում:
Մինչեւ մեղադրական կողմի աշխատանքների ավարտը եւ դատարան հասնելը, այս գործերը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն:
Այս պահին Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան աշխատում է պատերազմից տուժածերին մոբիլիզացնելու ուղղությամբ: Մինչեւ նոյեմբերի 12-ը իրավաբանները պետք է հայտնեին Նախաքննության պալատին՝արդյո՞ք հետաքննություն սկսելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:
Նացվլիշվիլին նշում է, որ Վրաստանում պատերազմի ընթացքում տուժածներից շատերը մշտապես բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, եւ իրենք «կհասնեն նրան, որպեսզի այս մարդկանց ձայները հասնեն դատարան»:
Նացվլիշվիլին նաեւ նշում է, որ իրավաբանների ասոցիացիան եւ այլ իրավապաշտպան կազմակերպություններն այլ առաջադրանք էլ ունեն՝կառավարել մարդկանց ակնկալիքները:
«Չէի ուզենա, որպեսզի պատերազմից տուժածները չափազանց մեծ ու անիրատեսական ակնկալիքներ ունենան, իսկ հետո հիասթափվեն ու նորից ցավ ապրեն: Կարծում եմ՝ հիասթափություններն անխուսափելի են, անգամ եթե հետաքննության ընթացքում առաջընթաց գրանցվի եւ որոշ կողմերը պատասխանատվության ենթարկվեն», - ասում է նա՝ հավելելով, որ տուժածների մեծամասնության ցանկությունը մեկն է՝ աշխարհի համար լսելի դարձնել այն, ինչ նրանց հետ տեղի է ունեցել:
«Նրանք ուզում են, որպեսզի կատարված հանցագործությունների մասին հայտնի դառնա, եւ նրանց կրած տառապանքների մասին իմանան», - կարծիք է հայտնում նա:
Պատերազմի ընթացքում տուժածներից շատերը նյութական վնասներ են կրել՝զրկվելով բնակարաններից, հողից, այլ գույքից, եւ փոխհատուցում կպահանջեն: Հաագայի դատարանը պատերազմից տուժածների Խնամառու հիմնադրամ ունի, որը լիազորված է փոխհատուցում առաջարկել մեղադրական դատավճռի դեպքում եւ ընդհանուր օժանդակություն՝անկախ դատավճռի բնույթից: Այնուամենայնիվ, Դատարանը պարտավոր չէ դա անել, եւ շատ սահմանափակ միջոցներ ունի: Այս պահին Հաագայի դատարանը միայն հյուսիսային Ուգանդայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում իրականացվող նախագծեր է ֆինանսավորում:
Նացվլիշվիլին, սակայն, լավատեսական է տրամադրված դատական գործընթացի նկատմամբ:
«Շատ կարեւոր է, որպեսզի դատարանը հետաքննություն սկսի, քանի որ սա միակ ուղին է արդարության կամ մասնակի արդարության հասնելու համար: Մասնակի արդարության, որովհետեւ նման հանցանքների դեպքում անհնար է ժամանակը հետ տալ, սակայն դեռեւս կարեւոր է ձեռք բերել արդարության զգացումը, որպեսզի կարողանանք հավատալ, որ ստեղծված հաստատություններն ու օրենքները միայն թղթի վրա չեն, քանի որ կան մարդիկ, դատարաններ եւ մեխանիզմներ, որոնք գործարկվում են, երբ մարդկության դեմ նման հանցագործություններ են կատարվում: Մեզ հավատ է պետք», - ասում է նա:
Ըստ Խիդաշելիի, եթե գործի հետաքննության ընթացքում առաջընթաց գրանցվի, ապա հետեւանքները Վրաստանի սահմաններից դուրս կգան:
«Այս հետաքննությունը կազդի բոլոր կողմերի փոխհարաբերությունների վրա: Խոսքը գնում է ոչ միայն Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների մասին, այլ նաեւ Ռուսաստան-Արեւմուտք, Վրաստան-Արեւմուտք փոխհարաբերությունների մասին եւ ցանկացած այլ երկրի մասին, որը հետաքրքրվում է կամ պետք է հետաքրքրվի այս գործով, քանի որ եթե ուսումնասիրվում են Եվրոպայի խորհրդի մեկ անդամ պետության կողմից գործած պատերազմական հանցագործությունները կամ մարդկության դեմ ուղղված հանցանքները մյուս անդամ պետության տարածքում…ապա սա վերաբերում է այս կազմակերպության անդամ բոլոր երկրներին», - նշում է Խիդաշելին:
Հետաքննություն սկսելու հետ կապված Հաագայի դատարանի որոշումը հայտնի կդառնա մի քանի ամսվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում:
Հեզեր Յունդը IWPR-ի դասընթացավար եւ մուլտիմեդիա լրագրող է Թբիլիսիում: