Հայերին վրացերեն ուսուցանելով
Չնայած պետական լեզուն առաջ տանելու պաշտոնական ջանքերին, ռուսերենը շարունակում է մնալ հաղորդակցության հիմնական միջոց։
Հայերին վրացերեն ուսուցանելով
Չնայած պետական լեզուն առաջ տանելու պաշտոնական ջանքերին, ռուսերենը շարունակում է մնալ հաղորդակցության հիմնական միջոց։
Այս տարվա ապրիլի 14-ին Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձը տեղացիներին շատ խորհրդանշական էր՝ տեղի և ժամանակի համադրությամբ։
Ապրիլի 14-ը Վրաստանում Մայրենի լեզվի տոն է, որ նշանավորում է 1978թ․ իրադարձությունները, երբ զանգվածային ցույցերը ստիպեցին խորհրդային իշխանություններին հետ կանգնել վրացերենը պետական լեզվի կարգավիճակից զրկելու ծրագրերից։
Ախալքալաքը Հայաստանի սահմանից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող փոքր քաղաք է՝ բնակեցված էթնիկ հայերով։
«Հիմա բոլորն իրավունք ունեն վերականգնելու Վրաստանի քաղաքացիությունը», հայտարարեց Զուրաբիշվիլին՝ հղում անելով տեղացիներին, որոնք կորցրել էին Վրաստանի քաղաքացիությունը՝ ռուսական կամ հայկական անձնագրերի ստացումից հետո։ «Բայց, որպեսզի դա տեղի ունենա, դուք պետք է պատրաստ լինեք սովորելու երկրի պետական լեզուն․ սա կլինի ապացույցներից մեկը, որ իսկապես ցանկանում եք ստանալ հենց այս երկրի քաղաքացիությունը»։
«Դուք պետք է լեզուն սովորեք առնվազն մի մակարդակով, որ թույլ կտա փոքրիկ քննություն հանձնել՝ քաղաքացիության վերականգնման գործընթացում»։
Նա ավելացրեց, որ պետությունն անում էր ամեն հնարավորը, որպեսզի, մասնավորապես, դպրոցականներին անհրաժեշտ հնարավորություններ ընձեռնվեին վրացերենի ուսուցման ոլորտում։
Զուրաբիշվիլիի մեկնաբանություններն արձանագրում են, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների (որոնք կազմում են երկրի բնակչության 13,4 տոկոսը) ինտեգրման հարցը շարունակում է օրակարգային մնալ։
Խորհրդային ժամանակաշրջանում դպրոցներում ռուսերեն էր դասավանդվում, և դա բազմաէթնիկ հասարակության մեջ հաղորդակցության հիմնական միջոց էր։ Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ հայերը կազմում են Վրաստանի բնակչության 4,5%, մինչդեռ Ախալքալաքի քաղաքապետարանում հայազգի բնակչությունը 92,9 տոկոս է կազմում։ Այն տեղում, ուր Թբիլիսիից մեկնող երթուղայինը կանգ է առնում Ախալքալաքում, մեծ դեղին ազդագիրը գովազդում է ուղևորություններ տարբեր ռուսաստանյան քաղաքներ. սա ցուցիչ է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում դեռ ազդեցություն ունի։
Ախալքալաքում էր գտնվում նաև 15,000-անոց խորհրդային, այնուհետ՝ ռուսական ռազմաբազան, որը տեղական տնտեսության հիմնական խթաններից էր։ Տնտեսական փլուզումը, որը հաջորդեց Խորհրդային Միության տապալմանը, հատկապես ուժգին հարվածեց Ջավախեթիի շրջանին՝ դաժան ձմեռներով ու գյուղատնտեսության անկմամբ։
1990-ականներին տեղացի հայերի զանգվածային արտագնա աշխատանքային միգրացիա սկսվեց՝ դեպի Ռուսաստան։ Մոտակա Բարալեթի գյուղի բնակիչ 60-ամյա Սեյրան Բաքարյանը արտագաղթողներից մեկն էր։
«Ռուսաստանում աշխատելն օգնեց, որ ընտանիքս ապրի», ասում է նա։ «Այստեղ չկա աշխատանք, մենք բոլորս գյուղատնտեսությունից ենք կախված, ինչը հեշտ չէ, քանի որ շատ ներդրումներ է պահանջում՝ սարքավորումներ ու պարարտանյութեր ձեռք բերելու համար․․․ 25 տարի առաջ բարեկամներիցս մեկն ինձ օգնեց խճաքարի գործ գտնել Ռուսաստանում ու աշխատածս փողը թույլ տվեց, որ երեխաներս դպրոց գնան, ամուսնանան․․․ Այդ աշխատանքը թույլ տվեց կառուցել երեխաներիս ապագան։
Շատ էթնիկ հայերի պես, Սեյրանն իր աշխատանքային կյանքի մեծ մասն անցկացրել է Վրաստանից դուրս՝ տուն վերադառնալով միայն Ամանորին ու Սուրբ Ծննդյան տոներին։
Վրացերենի նրա իմացությունը, որպես այդպիսին, նվազագույն է, և տեղական իշխանությունների հետ շփման մեջ նա ռուսերեն է կիրառում։
«Իհարկե, որքան շատ լեզու գիտես, այնքան լավ, և, վստահաբար, վրացերեն պե՛տք է դասավանդվի դպրոցում․․․ բայց մեզ համար ռուսերենն ավելի կարևոր է», ասաց նա։ «Մեզանից ոմանք Ռուսաստանում ազգականներ ունեն և մենք դեռ գնում-գալիս ենք, դրա համար էլ ռուսերենի կարիքն ավելի շատ է զգացվում»։
Վերջին տարիներին պետությունը մի քանի տարբեր մոդելներ է մշակել՝ վրացերենի ուսուցումն ազգային փոքրամասնությունների համար առավել հասանելի դարձնելու համար։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը 2016թ․-ից ուսուցիչների համար նախատեսված վրացերենի դասընթացներ է առաջարկում, բացի այդ, իրականացնում է նախագիծ, որի շրջանակում վրացերենի հայրենախոս կրտսեր ուսուցիչները կարող են դասավանդել ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում։
2010թ․-ից «Ֆոուր Փլաս Ուան» (Four Plus One) ծրագիրն էթնիկ փոքրամասնություն ներկայացնող ուսանողներին վրաց լեզվի մեկամյա ինտենսիվ դասընթացի հնարավորություն է ընձեռում՝ մինչ հիմնական ակադեմիան ծրագրի սկիզբը։
Կառավարությանը կից Զուրաբ Ժվանիայի անվան Պետական և տարածաշրջանային կառավարման դպրոցի սաները կարող են դպրոցի տարածաշրջանային մասնաճյուղերում գրանցվել վրացերենի անվճար դասընթացների։
Էկա Թաթեշվիլին, որը դասավանդում է Ախալքալաքի կենտրոնում, ասում է, որ Զուրաբիշվիլիի խոսքերը տեղացիների շրջանում հակասականորեն չեն ընկալվել։
«Կարծում եմ՝ նրանք ընկալել են, թե ինչ ոգով էր ամենն ասված, ու բացասական արձագանք չկար», ասում է նա։ «Այստեղ բոլորը գիտեն, որ քաղաքացիություն ստանալու համար նմանատիպ օրենքներ կան շատ տարբեր երկրներում, այդ պատճառով՝ չեմ կարծում, թե նրանց համար անսպասելի էր իմանալը, որ պետք է վրացերեն սովորեն»։
Վրաստանի հանրակրթական համակարգը թույլ է տալիս հայկական, ադրբեջանական և ռուսական դպրոցների առկայությունն այն վայրերում, որտեղ էթնիկ փոքրամասնական բնակչության մեծ խտություն կա։ Վրացերենն ուսուցանվում է որպես օտար լեզու։
«Անցյալում հիմնական խնդիրներից մեկն այս հեռավոր գյուղական բնակավայրերում վրացերեն դասավանդելու պատրաստ ուսուցիչների պակասն էր», ասում է Թաթեշվիլին։ «Աշակերտների համար նախատեսված դասագրքեր կային, բայց իրենց՝ ուսուցիչների վրացերենի իմացությունը բավարար չէր՝ այդ դասագրքերի բովանդակությունն աշակերտներին փոխանցելու համար։
Փոփոխությունը հեշտ չի տրվում։ Էթնիկ վրացի Իրակլի Շաինիձեն Գուրիայից Ախալքալաք է տեղափոխվել ութ տարի առաջ՝ բարգավաճող սահմանամերձ առևտորի գոտում գործունեություն ծավալելու նպատակով։ Հաճախորդների հետ նա հաղորդակցվում է հայերեն կամ ռուսերեն։
«Իհարկե, Վրաստանում ապրելով, մեզ համար նախընտրելի է խոսել վրացերեն», ասաց նա, «բայց իրականությունն այստեղ մի փոքր տարբեր է։ Իմ հայերենը բավարար է՝ խանութն աշխատացնելու համար, բայց երբ չեմ կարողանում հայերեն լեզվով հասցնել ասածս, ռուսերենի եմ անցնում․․․ այս շրջանում միայն երեխաներն են հասկանում վրացերեն»։
Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Թիմըթի Բլովելթը, որը հետխորհրդային լեզվաբանական քաղաքականություն է ուսումնասիրում, հակափաստում է, որ իմաստ չունի վրացերեն սովորեցնել ավագ սերնդին։
«Կարծում եմ, դպրոցական տարիքից հետո մարդուն լեզու սովորեցնելը, լեզվի յուրացման իմաստով, ժամանակի կորուստ է», ասում է նա։ «Փոփոխությունը սերնդային կլինի և կգա վրացական դպրոցներում ուսանելուց հետո։ Հաշվի առնելով այն փաստը, որ ավագ սերունդը ենթակա չէ ասիմիլացիայի, ռուսերենի իմացությունն իսկապես օգտակար է»։
Բլովելի կարծիքով՝ չնայած գործադրվող ջանքերին, պետությանը չի հաջողվել լեզուն օգտագործել որպես փոքրամասնությունների ինտեգրման գործիք։
«Դա վրացական կառավարության նպատակն էր առնվազն վերջին 20 տարում, սակայն նրանք չհաջողեցին՝ մի շարք պատճառներով», շարունակում է նա։
«Պատճառներից մեկը լեզվի խրթինությունն է։ Այստեղ՝ Վրաստանում, իրավիճակը շատ տարբեր է Ուկրաինայից․․․ Ռուսալեզու մարդը կարող է հեշտորեն ուկրաիներեն սովորել, և եթե նույնիսկ դա երկլեզվության չհասնի, նրանք, առնվազն, կարող են հասկանալ իրար։ Մինչդեռ այստեղ, օրինակ, վրացերենն ու հայերենը բացարձակ տարբեր լեզվաընտանիքների են պատկանում, չհաշված, որ վրացերեն սովորելը ծայրահեղ դժվար է»։
«Թերևս, հաջողության լավագույն պատմություն է «Ֆոուր Փլաս Ուան» ծրագիրը, բայց դրա թիրախային խումբը շատ առանձնահատուկ է և փոքրաթիվ։ Շատ ավելի մեծ մարտահրավեր է շարունակում մնալ այս փոքր համայնքներում վրացերենի դասավանդման հարցը՝ ո՞վ և ի՞նչ դասագրքերով կարող է իրականացնել այդ գործընթացը․․․ Վրացերենը որպես երկրորդ լեզու ուսուցանող դասագրքերի պատմությունը մեծ չէ»։
Պրոֆեսորը վստահ է, որ մարդիկ պետք է ավելի հանգիստ վերաբերվեն ռուսերենի կիրառմանը։
«Հիմա հստակ պատմական պատճառներ կան՝ ռուսերենին որևէ հատուկ կարգավիճակ տալու դժկամության, բայց միևնույն ժամանակ ռուսերենի մտադրված բացառումը նման է սեփական քիթը կտրելուն», շարունակում է Բլովելը։ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ռուսաց լեզուն ընկալվի որպես Ռուսաստանի Դաշնության սեփականություն ավելի շատ, քան, օրինակ, անգլերենն է ընկալվում որպես անգլիացիների սեփականություն։ Մենք չպետք է մտածենք, որ ռուսերենով նորություններ դիտող մարդիկ անպայմանորեն դառնում են Կրեմլի գաղափարախոսության հետևորդ։ Հաշվի առնելով, թե որքան մարդ գիտի այդ լեզուն, ռուսերենը հրաշալի գործիք կարող էր լինել վրաց իշխանությունների համար՝ իրենց նախընտրած տեղեկատվությունն ու արժեքները փոխանցելու համար»։
Ջոզեֆ Ալեքսանդր Սմիթը Թբիլիսիում բնակվող ֆրիլանս մուլտիմեդիա լրագրող է։
This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.