Վրաստանում բարձրացնում են ամուսնական տարիքը

Երկրի խորհրդարանն արգելում է 18 տարին չլրացած անձանց հետ ամուսնությունը, բացառությամբ դատարանի թույլտվությունը ստանալու դեպքերի, սակայն իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ այս քայլը բավարար չի լինի փոփոխությունը կյանքի կոչելու համար:

Վրաստանում բարձրացնում են ամուսնական տարիքը

Երկրի խորհրդարանն արգելում է 18 տարին չլրացած անձանց հետ ամուսնությունը, բացառությամբ դատարանի թույլտվությունը ստանալու դեպքերի, սակայն իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ այս քայլը բավարար չի լինի փոփոխությունը կյանքի կոչելու համար:

Young Georgians show opposition to early marriage, central Tbilisi, November 25, 2015. (Photo: Anano Beriashvili)
Young Georgians show opposition to early marriage, central Tbilisi, November 25, 2015. (Photo: Anano Beriashvili)

Չնայած Վրաստանում նվազագույն ամուսնական տարիքը 18 տարին է, երիտասարդ զույգերը մինչեւ այժմ կարողանում էին ամուսնանալ 16 տարեկանում՝ ծնողների համաձայնությամբ:

Օրենքը փոփոխության ենթարկվեց նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանում, եւ այսուհետ 16 տարեկանում ամուսնանալու համար զույգը պետք է դատարանի թույլտվությունը ստանա, այն էլ միայն հիմնավոր պատճառներ ունենալու դեպքում՝ կամ հղիություն կամ ծննդաբերություն:

Վրաստանը վաղ ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրներից մեկն է Եվրոպայում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) տվյալներով՝ վրացի կանանց շուրջ 17 տոկոսն ամուսնանում է նախքան 18 տարին լրանալը,  ի տարբերություն Մոլդովայի, որտեղ այս ցուցանիշը կազմում է 19 տոկոս, իսկ հարեւան Թուրքիայում՝ 14 տոկոս:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ միայն 2015 թվականի առաջին կիսամյակում 16-18 տարեկան անձանց մասնակցությամբ 265 ամուսնություն է գրանցվել: Քանի որ ծննդաբերությունների ցուցանիշը ներառում է նաեւ 18 տարին չլրացած մայրերի թվաքանակը, որը հասել էր 1 500 - ի անցյալ տարի, ենթադրվում է, որ վաղ ամուսնական կապերի թիվն իրականում շատ ավելի մեծ է:

Վաղ ամուսնությունների եւ աղջիկների՝ կրթությունը թողնելու միջեւ հարաբերակցությունը բավական մեծ է: 2011 թվականից մինչեւ 2013-ի հունվարը, ըստ Վրաստանի օմբուդսմենի պատրաստած զեկույցի, 7 367 աղջիկներ դուրս են մնացել դպրոցից: Թերուս աղջիկները հետագայում աշխատանք ստանալու ավելի քիչ հեռանկարներ ունեն եւ բռնության առավել հավանական զոհ կարող են դառնալ:

«Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն, որը, կարելի է ասել, երեխաների պաշտպանության ոլորտում ամենահեղինակավոր կառույցն է, հստակ սահմանում է, որ վաղ ամուսնությունը, անկախ այն հանգամանքից՝ այն կամավոր է, թե հարկադիր, սեռական բռնություն է անչափահասի նկատմամբ», - հայտարարել էր Վրացի կանանց շարժման ներկայացուցիչ Անա Աբաշիձեն օրենքի փոփոխության նախորդ օրը՝ վաղ ամուսնությունների դեմ կազմակերպված ցույցերից մեկի ժամանակ:

Վաղ ամուսնությունները արտասովոր երեւույթ չեն Վրաստանի ողջ տարածքում, սակայն հատկապես տարածված են երկրի արեւլքում՝ Կախեթիի շրջանում, հարավարեւելյան հատվածում՝Քվեմո Քարթլիում, ինչպես նաեւ արեւմուտքում՝ Աջարիայում ու Գուրիայում, հատկապես կրոնական եւ ազգային փոքրամասնությունների շրջանում:

Սյսօր Վրաստանում 16 տարին չլրացած անձանց հետ ամուսնությունն ապօրինի է համարվում: Ամուսնական տարիքը կարգավորող օրենքի փոփոխությունը կատարվել է ապրիլին Քրեական օրենսգրքում կատարված լրացումներից հետո, որոնց շնորհիվ՝ բռնի ամուսնությունը քրեական հանցագործություն է համարվում Վրաստանում:  

Վրաստանի կառավարությունը, միեւնույն ժամանակ, ավելի խիստ օրենսդրական պարտավորություններ է ստանձնել անչափահասներին պաշպանելու համար՝ մի շարք օրենսդրական բարեփոխումների շրջանակներում, որոնք անհրաժեշտ են Եվրոպական Միության հետ առավել սերտ կապեր հաստատելու համար:  2014 թվականին ԵՄ հետ ստորագրված ասոցացման համաձայնագիրը պարտավորեցնում է Վրաստանին ճանաչել եւ պաշտպանել մարդու իրավունքները, ներառյալ՝ երեխաների պաշտպանության մեխանիզմները, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին:  

Մարդու իրավունքների ակտիվիստների եւ փորձագետների կարծիքով՝ թեեւ օրենսդրական բարեփոխման անհարժեշտությունը զգացվում է, այն չի կարող համապարփակ լուծում տալ խնդրին:

Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլա Բաքրաձեի խոսքով՝ «վաղ ամուսնությունների դեպքում, երբ հարսնացուի 16 տարին չի լրացել, եկեղեցին կամ մզկիթն են կատարում ամուսնական ծիսակարգը, որից հետո այն հետագայում պաշտոնապես չի էլ գրանցվում»:

Վրաստանի երիտասարդ փաստաբանների ասոցիացիայի ռազմավարական դատավարությունների գծով փաստաբան Թամար Դեկանոսիձեն հավելում է, որ նմանատիպ ամուսնությունների՝ լայն տարածում ունեցող պրակտիկան, երբ ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, թույլ չի տալիս իշխանություններին իրադրության լիարժեք պատկերը ստանալ, հատկապես անչափահասների վերաբերյալ:

«Ամուսնության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները կարեւոր քայլեր են: Բայց սա միայն սկիզբն է: Հետագայում, «16» թիվն ընդհանրապես պետք է հեռացվի օրենքից: Օրենսդրությունից պետք է հիմնավորապես վերացնել անչափահասների հետ ամուսնությունների անգամ չնչին հնարավորությունը», - ասում է Դեկանոսիձն:

Քաղաքական օղակներում եւս ընդունում են, որ 18 տարին չլրացած անձանց հետ ամուսնությունները պետք է արգելվեն:  

«Հետագայում, անչափահաս տարիքում ամուսնությունն ընդհանրապես կարգելվի Վրաստանում: Մենք այդ ճանապարհին ենք», - ասում է խորհրդարանում իշխող կոալիցիայի՝ «Վրացական երազանքի» անդամ Թամար Կորձայան, ով մասնակցել է օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներին:

Վրաստանում ադրբեջանցի կանանց միության նախագահ Լեյլա Սուլեյմանովան նշում է, որ օրենքի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է կանխարգելիչ մեխանիզմների կիրառումը համադրել պետության ողջ տարածքում օրենքի իրակականացման եւ համապատասխան մոնիթորինգի հետ: Նրա պնդմամբ՝ հասարակությունը պետք է տեղեկացված լինի քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականության եւ վաղ ամուսնության հետեւանքների մասին, այդ թվում՝ դեռատի աղջիկների առողջական խնդիրների վերաբերյալ:

«Շրջաններում վաղ ամուսնությունն անմիջական կապ ունի հասարակական կարծիքի հետ: Հաճախ, իրավապահ մարմինները, սոցիալական ոլորտի աշխատակիցները եւ ուսուցիչները չեն ունենում բավարար հմտություններ ու գիտելիքներ՝ դեռահասների հետ աշխատելու համար… Մենք պետք է աշխատենք ինչպես ուսուցիչների, սոցիալական ծառայությունների աշխատակիցների, իրավապահ մարմինների, այնպես էլ երիտասարդ տղաների ու աղջիկների հետ», - ասում է Սուլեյմանովան՝ հավելելով, որ Կախեթին ամենախնդրահարույց շրջանն է, որտեղ երիտասարդ հարսնացուների առեւանգման դեպքեր են լինում:

Վաղ ամուսնությունները հազվադեպ չեն են նաեւ Պանկիսիի կիրճում: Սա Վրաստանի հյուսիսարեւելյան լեռնային շրջաններից է, որտեղ քիստեր ու չեչեններ են ապրում, ովքեր ժամանակին ներգաղթել են Վրաստան Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած հակամարտության ժամանակ:  

Պանկիսիում առաջատար դիրք զբաղեցնող մի կին, ով հրաժարվեց ներկայանալ, պատմեց IWPR-ին, որ ցածր կրթական մակարդակն ու վաղ ամուսնություններն ընտանեկան բռնության հիմնական պատճառն են հանդիսանում:

«Ամուսնացած տասը կանանցից ինն այստեղ այդ խնդրի առջեւ են կանգնում առավել կամ նվազ չափով: Տղամարդիկ հաճախ են ամուսնանում շատ երիտասարդ աղջիկների հետ, որոնք հազիվ են դպրոցն ավարտել: Նրանք արդարացնում են իրենց արարքը [մահմեդական] հավատքով եւ ավանդույթներով, - ասում է կինը: - Այս աղջիկներն արագ մայր են դառնում, տնային տնտեսուհի եւ կին, ու, իհարկե, ստիպված են լինում անմիջապես մոռանալ դպրոցի մասին: Հետագայում, նման ընտանիքներում լարվածություն է ստեղծվում: Ի՞նչ կին կարող է լինել 14-ամյա աղջիկը»:

Վաղ ամուսնություններին նպաստող գործոններից մեկն էլ այն է, որ ավանդաբար ակնկալվում է, թե հարսնացուն պետք է կույս լինի:

Ինչպես նշում է Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի գենդերային հավասարության բաժնի պետ Եկատերինա Սխիլաձեն, երիտասարդ զույգերն «իրենց ինտիմ հարաբերություններն օրինականացնելու» առանձնապես այլընտրանք չունեն:

Անչափահաս տարիքում ամուսնությունների արգելման հարցի վրա տարիներ շարունակ աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչները հիմնավորում են իրենց մոտեցումը նրանով, որ անհրաժեշտ է վաղ ամուսնությունների թվաքանակի կրճատման ռազմավարություն մշակել եւ հատուկ կանխարգելիչ մեխանիզմներ կիրառել:

Վրաստանի «Կանանց ինֆորմացիոն կենտրոնի» տնօրեն Ելենա Ռուսեցկայան օրենսդրական փոփոխությունները կարեւոր եւ անհրաժեշտ է համարում, սակայն հավելում է՝ լավ կլիներ, եթե բարեփոխումներն այնպես մշակվեին, որ միանգամից համապատասխանեին Երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի դրույթներին: Այս փաստաթուղթն արգելում է երեխաների հետ ամուսնությունը՝ սահմանելով, որ երեխա են համարվում բոլոր նրանք «ում 18 տարին դեռ չի լրացել, բացառությամբ այն դեպքերի, երբ ըստ օրենքի, որը կիրառելի է երեխայի նկատմամբ, նա ավելի վաղ տարիքում է դարձել չափահաս»:

«Պետությունը պետք է ոչ միայն օրենքներ մշակի, այլ նաեւ տեղեկատվական արշավ սկսի երկրի ողջ տարածքում: Հասարակությունը պետք է հասկանա թե՛ խնդիրը, թե՛օրենքները», - ասում է Ռուսեցկայան IWPR-ի թղթակցին:

Ռեգինա Յեգորովա-Ասկերովան IWPR-ի դասընթացավար եւ կայքի խմբագիր է Վրաստանում:

 

Georgia
Frontline Updates
Support local journalists