Կրիպտոմայնինգը խափանում է վրացական էլեկտրացանցերը

Սվանեթի բնակիչները դիմել են հնագույն ծեսերի՝ պայքարելու համար վիրտուալ արժույթների պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի անջատումների դեմ։

Կրիպտոմայնինգը խափանում է վրացական էլեկտրացանցերը

Սվանեթի բնակիչները դիմել են հնագույն ծեսերի՝ պայքարելու համար վիրտուալ արժույթների պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի անջատումների դեմ։

After thousands of computers used to mine cryptocurrency overwhelmed the power grid in Georgia’s mountainous region of Svaneti at the height of winter, 200 residents gathered in the medieval church of St. George in Mestia, Svaneti's main centre, to take an oath on the ancient icon of the saint that they would never mine cryptocurrencies.
After thousands of computers used to mine cryptocurrency overwhelmed the power grid in Georgia’s mountainous region of Svaneti at the height of winter, 200 residents gathered in the medieval church of St. George in Mestia, Svaneti's main centre, to take an oath on the ancient icon of the saint that they would never mine cryptocurrencies. © IWPR
Thursday, 24 March, 2022

Կրիպտոարժույթի մայնինգի համար շահագործվող հազարավոր համակարգիչներ Վրաստանի լեռնային Սվանեթ շրջանի էլեկտրացանցերը մեծ ճնշման են ենթարկել ձմռան ամենացուրտ օրերին, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի սուր պակաս է առաջացել։ Սա մղել է տեղացիներին դիմել արտասովոր լուծման։

Հավաքվելով Սվանեթի վարչական կենտրոն Մեստիայում գտնվող 12-րդ դարի Սբ․ Գեորգի եկեղեցում՝ 200 բնակիչներ դիմել են համայնքի հնագույն ավանդույթներից մեկին․ նրանք երդվել են սբ․ Գեորգիի սրբապատկերի վրա, որ երբեք թվային արժույթներ չեն արդյունահանի։

«Մինչև այսօր բոլորին ներում կշնորհվի։ Սակայն յուրաքանչյուրն, ով կշարունակի [կրիպտո] մայնինգով զբաղվել, այսօրվանից սկսած կպատժվի Սբ․ Գեորգիի կողմից», ուխտել են հավաքվածները։

Իր միջնադարյան դիտաշտարակներով և Կովկասյալ լեռնաշղթայի խրոխտ ժայռերով հայտնի Սվանեթն ազատված է էլեկրաէներգիայի վճարներից․ այս միջոցը ձեռնարկվել է՝ խրախուսելու համար տեղացիներին շարունակել ապրել լեռնային շրջանում ու զարգացնել զբոսաշրջային ներուժը, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին (ՊԽԼԻ) պատմել է Մեստիայի քաղաքապետ Կախա Ջորջոլիանին։

Քանի որ բնական գազի ցանցը չի հասնում բարձրադիր վայրեր, էլեկտրաէներգիան շրջանի 9000 բնակիչների ջեռուցման հիմնական աղբյուրն է։ Էլեկտրաէներգիայի համար վճարում են միայն գրանցված ձեռնարկությունները։

Սուբսիդավորման այս միջոցը, սակայն, գրավել է կրիպտոարժույթի արդյունահանողների մի բանակ, և նրանց էներգատար համակարգիչները մեծ ճնշում են գործարկել փոքր հզորություն ունեցող էլեկտրացանցի վրա։ Սա մեծացրել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները և վնասել ցանցը՝ ցրտաշունչ ձմեռներով հայտնի տարածաշրջանի տները զրկելով կայուն էներգամատակարարումից։ Ինգուրի ՀԷԿ-ի տնօրինությունից ՊԽԼԻ-ին ասացին, որ մի քանի ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը յոթ մեգավատից բարձրացել է մինչև 27 մեգավատ:

Էլեկտրաէներգիայի մատակարար Էներգո-Պրո Ջորջիա ընկերությունը հայտարարել է, որ 2012 թվականին Սվանեթի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է ժամում 37,2 միլիոն կՎտժ, իսկ 2021 թվականին շեշտակի աճել է մինչև 101,5 միլիոն կՎտժ:

«Ոչ մի ցանց չի կարող դիմանալ Մեստիայում  սպառվող էլեկտրաէներգիայի ծավալին։ Հետևաբար, մեր ընկերությունը պատասխանատվություն չի կրում Մեստիայում տիրող իրավիճակի համար»,- ասված է Էներգո-Պրո Ջորջիայի կողմից 2021 թվականի դեկտեմբերին՝ երդման արարողությունից առաջ տարածված հայտարարության մեջ։

Ընկերությունը հավելում է, որ «մայնինգի ապօրինի տեխնոլոգիաները հանցագործություն են», որից տուժում են տեղաբնակները։ Էներգո-Պրո Ջորջիան առաջարկում է նաև էլեկտրաէներգիայի հաշվիչներ տեղադրել և վճարումների համակարգ ներմուծել։

Մայնինգը գործընթաց է, որը կրիպտոարժույթներն օգտագործում են «քոյն»-եր ստանալու և նոր գործարքներ փնտրելու համար։ Այն ներառում է համակարգիչների ապակենտրոնացված ցանցեր ամբողջ աշխարհից և հսկայական ծավալի էլեկտրականություն է սպառում։ Համաձայն 2021թ․ հոկտեմբերին հրապարակված ուսումնասիրության՝ առաջատար թվային արժույթի՝ Bitcoin-ի յուրաքանչյուր գործարք սպառում է 1173 կՎտժ էլեկտրաէներգիա, որը կազմում է մոտ 176 ԱՄՆ դոլար։

2010թ․ կեսերից Վրաստանը դարձավ կրիպտոարժույթի մայնինգի համաշխարհային կիզակետերից մեկը։ Վրաստանում ձեռնարկատիրական գործունեության դյուրությունը և էժան էլեկտրաէներգիան գրավեցին ոլորտի այնպիսի խոշոր խաղացողների, ինչպիսիք են BitFury-ն և Bitforx-ը։ Այն ժամանակից ի վեր մրցակցության շեմը նվազել է, քանի որ ընկերությունները տեղափոխվում են էլեկտրաէներգիայի ավելի ցածր վճարներ առաջարկող երկրներ։ 2019թ․ Bitforx-ը դադարեցրեց գործունեությունը Վրաստանում և մայնինգի սարքավորումները վաճառեց Ադրբեջանին։

Սվանեթի անվճար էլեկտրաէներգիան հնարավորությունների դուռ բացեց ավելի փոքր ընկերությունների համար։ Շրջանի և թվային արժույթների սիրավեպը գագաթնակետին հասավ 2019թ․-ին, երբ Էներգո-Պրոն և հարկադիր կատարողական մարմինները սկսեցին անցնել տնետուն՝ ցանցից անջատելու ապօրինի մայներներին և բռնագրավելու շուրջ հինգ միլիոն լարի (1.6 մլն դոլար) արժողությամբ մայնինգի սարքավորումներ։ Դրանից հետո մայնինգի տենդը նվազեց, սակայն նորից սկսեց աճել 2021թ․ վերջերից։

Անվճար էլեկտրաէներգիայի կասեցումը բացասական ազդեցություն կունենա շրջանի տնտեսական զարգացման վրա․ էլեկտրաէներգիայի անջատումներն արդեն իսկ ազդել են զբոսաշրջության վրա, հատկապես՝ ընտանեկան բիզնեսների։

«Զբոսաշրջիկները չեղարկել են իրենց ամրագրումները և մենք շատ եկամուտ ենք կորցրել», - ՊԽԼԻ-ին ասաց Նոդար Ծիրեդիանիան, որը Մեստիայում ընտանեկան հյուրատուն ունի։ «Այստեղ [առանց այդ էլ] զբոսաշրջիկները շատ չեն, իսկ էլեկտրաէներգիայի պակասը եղածներին էլ խրտնեցնում է։ [Որոշ] մարդիկ հարստանում են մեր խնդիրների հաշվին։ Այս անարդարությունը պետք է դադարեցվի։

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել ապօրինի մայնինգի դեմ և սառեցնել համապատասխան ընկերությունների ակտիվները, քանի որ դրանք վնասում են ցանցը:

Էրեկլե Չխվիմիանին, որը մասնակցել էր Սուրբ Գեորգիում տեղի ունեցող արարողությանը, ՊԽԼԻ-ին ասաց, որ ներկա էին միայն Մեստիայի բնակիչները, սակայն «պատիժը վերաբերում է բոլորին, ովքեր կշարունակեն օգտագործել այդ տեխնոլոգիան»:

Սվանեթի լեռներն ի վար հոսող Ինգուրի գետի վրա տեղակայված ՀԷԿ-ի ներկայացուցիչ Գիա Խուբուան ասում է, որ երդման արարողությունը բավարար չէ խնդրի լուծման համար:

«Ես հարգում եմ սվաններին, գիտեմ նրանց երդումների ուժը», - ասել է Խուբուան ՊԽԼԻ-ին: «Նրանք պետք է օգտվեն հատուկ արտոնություններից, քանի որ լրացուցիչ աջակցության կարիք ունեն, բայց անվճար էլեկտրաէներգիան ճիշտ չէ։ Առհասարակ, ոչինչ չպետք է անվճար լինի։ Նրանք կարող են օգտվել հատուկ զեղչերից կամ նվազագույն՝ 100 կամ 200 կՎտժ ստանալ անվճար, սակայն սպառման հաշվարկը պարտադիր է: Առանց [դրա] էլեկտրաէներգիայի պատշաճ ապահովումն անհնար է»:

ՀԷԿ-ի կառույցները տարածվում են Վրաստանից անջատված Աբխազիայի սահմանագծով։ Աշխարհի երկրորդ ամենաբարձր կամարաձև բետոնային ամբարտակը վրացական և աբխազական կողմերը համատեղ են շահագործում, իսկ արտադրված էներգիան բաժանվում է ըստ 1990-ականներին երկու կողմերի միջև հակամարտությունից հետո մշակված համաձայնագրի:

Աբխազիան, որը գործնականում ստանում է ավելի շատ էներգիա, քան նախատեսված է համաձայնագրով, բախվել է նույնատիպ մարտահրավերների՝ կրիպտոարժույթների մայնինգի լայն տարածման պատճառով:

Խուբուան նշել է, որ երկու շրջաններում մայներների անբարեխիղճ գործունեությունը սպառել է Ինգուրիի ջրային ռեսուրսները:

«[Հունվարին] մենք մեկ օրում արտադրել ենք մոտ 2,5-ից 3 մլն կՎտժ, ինչը շատ քիչ է։ Մենք պետք է շարունակենք այսպես աշխատել մինչև հեղեղումների սեզոնի սկիզբը, որը տեղի է ունենում մարտին: Այդ ժամանակ ՀԷԿ-ն ավելի մեծ հզորությամբ կսկսի աշխատել, բայց եթե էլեկտրաէներգիայի սպառումը չկրճատվի, դժվար կլինի»,- ասում է նա։

Մեստիայում վիրտուալ արժույթները գայթակղել են նաև անսպասելի անհատների: Ասում են, որ Սուրբ Գեորգի եկեղեցում երդումից հետո ներկա քահանաներից մեկը խոստովանել է, որ ինքն էլ է կրիպտոարժույթի մայնինգով զբաղվել և ներողություն է խնդրել:

This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.

Georgia
Frontline Updates
Support local journalists