Ղարաբաղ․ արդարացվա՞ծ է արդյոք Թուրքիայի շեշտակի աջակցությունն Ադրբեջանին
Էրդողանի դիրքորոշումը լայնորեն սատարվում է ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական ընդդիմության կողմից:
Ղարաբաղ․ արդարացվա՞ծ է արդյոք Թուրքիայի շեշտակի աջակցությունն Ադրբեջանին
Էրդողանի դիրքորոշումը լայնորեն սատարվում է ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական ընդդիմության կողմից:
Մինչ Թուրքիան դիրքավորում է իրեն որպես Ադրբեջանի գլխավոր դաշնակից` Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերում, վերլուծաբանները պնդում են, որ այս ճգնաժամը ներքին խնդիրներից ձերբազատվելու փորձ է, և ավելի լայն տարածաշրջանային հավակնություններ հետապնդելու հնարավորություն:
Սեպտեմբերի 27-ին անկլավի շուրջ նոր մարտերի սկզբից ի վեր Անկարան ակտիվորեն աջակցում է Բաքվին ինչպես համաշխարհային բեմում, այնպես էլ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ զինված անօդաչու թռչող սարքերի տրամադրմամբ: Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նաև հաստատել է, որ գրեթե 1200 սիրիացի մարտիկներ են ուղարկվել Թուրքիայի կողմից ՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար:
«Քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, և Հայաստանը դուրս չի եկել Ադրբեջանի հողից, անհնար կլինի վերջ տալ տարածաշրջանում տեղի ունեցող անկարգություններին և հակամարտություններին», - հոկտեմբերի 3-ին հեռուստատեսային ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս դիրքորոշումը հոկտեմբերի 6-ին Բաքվում կրկնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ: Նա շեշտել է, որ ցանկացած լուծում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը նահանջի իր գրաված հողերից:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում աշխարհը պետք է պաշտպանի արդար կողմին, իսկ արդարն Ադրբեջանն է», - ասաց նա:
Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած պատերազմի 1994 թ.-ի հրադադարից ի վեր այն ղեկավարում է տեղական հայկական վարչակազմը: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ներկայիս հակամարտության մեջ, որ ամենասաստիկն է վերջին 26 տարում:
Այս դեպքում Էրդողանի վարած քաղաքականությանն աջակցում է նաև ընդդիմության մեծամասնությունը:
Թուրքիայի ընդդիմության գլխավոր առաջնորդ, Հանրապետական ժողովրդական կուսակցությունից (ՀԺԿ) Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես բազմիցս աջակցություն է հայտնել Ադրբեջանին:
Արտաքին քաղաքականության հարցերով նրա գլխավոր խորհրդական, ՀԺԿ անդամ Ունալ Չեվիկոզը ՊԽԼԻ- ին ասել է. «Լուծման միակ ճանապարհը Հայաստանի դուրս գալն է ներխուժած հողերից», ավելացնելով, որ, այնուամենայնիվ, նրանք աջակցում են այդ նպատակին ուղղված բանակցային գործընթացին:
ՀԺԿ-ն և «Լավ կուսակցությունը» (Իյի փարթի) սեպտեմբերի 28-ին Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ծայրահեղ պահպանողական կոալիցիայի գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (ՄՀՊ) հետ համատեղ հայտարարություն ստորագրեցին։
Քրդամետ ընդդիմադիր Ժողովրդավարական ժողովրդական կուսակցությունը (ԺԺԿ), Թուրքիայի խորհրդարանում միակ խմբավորումն էր, որը չստորագրեց հայտարարությունը: Փոխարենը՝ ԺԺԿ-ն կոչ արեց զինադադար հաստատել և մեղադրեց Թուրքիայի կառավարությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը սաստկացնելու մեջ:
«Կառավարությունը պատերազմական քարոզչության մեջ է մտնում ՝ բացահայտորեն աջակցելով զինված հակամարտությանը և հրապարակավ հանդես է գալիս հայկական պետության դեմ ռազմատենչ կոչերով՝ փոխանակ երկու կողմերին համոզելու բանակցություններ սկսել և ձգտել դեէսկալացիա մտցնել», - ասաց ԺԺԿ պատգամավոր Գարո Փայլանը:
Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը պաշտպանում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության մեջ: Երկու երկրներն ունեն ամուր էթնիկ, մշակութային և պատմական կապեր և նշում են, որ իրենց հարաբերությունները «երկու պետությունների, մեկ ազգի» միջև են: Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, և երկուսն էլ շարունակեցին սերտ տնտեսական կապեր զարգացնել:
Իբրահիմ Այդընլին Գենչ Մեմուր-Սենի՝ Պետական ծառայողների արհմիության կոնֆեդերացիայի երիտասարդական մասնաճյուղի տնօրենն է․ այս կառույցի կողմից Թուրքիայի մի շարք քաղաքներում ադրբեջանամետ ցույցեր են կազմակերպվել:
«Ադրբեջանցի ժողովուրդը թուրք ժողովրդի եղբայրներն են, և թուրք ժողովուրդը կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի իր եղբայրներին», - ասաց Այդընլըն IWPR- ին:
Նա ասաց, որ միջազգային հանրությունը Հայաստանին է սատարում, ուստի Թուրքիան պետք է բանակցային սեղանի շուրջ լինի ՝ «հակամարտության արդարացի լուծում» ապահովելու համար:
Վերլուծաբանները նշում են նաև, որ այս արտաքին ճգնաժամը որոշակի շեղում է ներքին տնտեսական վտանգներից: Հոկտեմբերի 8-ին թուրքական լիրան 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ մինչ այս պահը երբևէ չգրանցած անկման ռեկորդ գրանցեց՝ կազմելով 7.89, 2020թ․-ին կորցնելով իր արժեքի 25 տոկոսը։ Այս ընթացիկ խնդիրները, ի լրումն կորոնավիրուսային համավարակի, բացասաբար անդրադարձան «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշի վրա։ Ըստ Metropoll-ի սոցհարցման, նրանց վարկանիշը 2020 թվականի օգոստոսին ընկավ մինչև 31 տոկոս: 2018-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքել էր ձայների 43 տոկոսը:
Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջատար փորձագետ Իլհան Ուզգելը ասաց, որ Անկարայի ռազմատենչ կեցվածքը շատ բան է ասում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին դինամիկայի մասին:
«Աշխարհաքաղաքականությունը և իրատեսականությունը կշիռ են ստանում ամբողջ աշխարհում: Սա բերում է ավելի ավտորիտար ռեժիմների և աճող ազգայնականության, ինչպես նաև ընդլայնում է աջ պոպուլիզմի ալիքը: Սա կարելի է հստակ տեսնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Էրդողանի վարչակազմը փորձում է կասեցնել [աջակցության քայքայումը], որին նրանք բախվում են երկիրը շարունակաբար ճգնաժամային ռեժիմում պահելով», - ասում է նա:
Ուզգելն ընդգծում է, որ սա նշանակում է, որ Թուրքիան արդյունավետորեն իրականացնում է միևնույն քաղաքականությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
«Դրա ներքին կողմերն են ազգայնականությունը, աջ պոպուլիզմը և ավտորիտարիզմը», - ասում է նա: «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը սկզբնական փուլում նկատել է այս գլոբալ դինամիկան և այն ինտեգրել ներքին քաղաքականության մեջ: Իսլամիստական, ազգայնական և նեոնազգայնական կոալիցիան Թուրքիայում ճանապարհ է բացել նրա արտաքին քաղաքականության ռազմականացման համար»:
«Թուրքիան միջազգային ամենաուժեղ դերակատարն է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում», - ասել է T24 լրատվական առցանց գործակալության լրագրող Հաքան Աքսայը, որը մասնագիտացած է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում:
Նա շեշտել է, որ Էրդողանի տարածաշրջանային ավելի լայն մտադրությունները խթանում են Թուրքիայի ներգրավվածությունը ճգնաժամին:
«Թուրքիան իրականում մարտահրավեր է նետում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի ճակատում: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն այժմ հիմնական դերակատարներն են, և Թուրքիան ցանկանում է ընդգրկվել ակումբում», - ասել է Աքսայը ՊԽԼԻ-ին:
Սակայն, նրա կարծիքով, դժվար թե Ռուսաստանը թույլ տա դա:
«Պուտինը չի ցանկանում, որպեսզի Արևմուտքն ավելի շատ ներգրավվի այս գործընթացքում, նա նաև ցանկանում է հավասարակշռել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը», - ասում է Աքսայը: «Կարծում եմ՝ Պուտինը մի տեսակ ափսոսում է վերջերս Էրդողանի հետ սերտ բարեկամության համար»:
Իրոք, Թուրքիան ընդգրկված չէր բանակցություններում, որոնց արդյունքում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար հաստատվեց:
Վերջին տարիներին Ռուսաստանն ու Թուրքիան արդեն ունեցել են ռազմական խորհրդականներ, վարձկաններ կամ զորքեր, որոնք տեղակայված են Սիրիայի և Լիբիայի խոշոր հակամարտությունների հակառակ կողմերում:
«Բայց Լեռնային Ղարաբաղը, որը հետխորհրդային միավոր է և Ռուսաստանի «հետնայգին», Մոսկվայի համար նույնը չէ, ինչ Սիրիան կամ Լիբիան», - ասում է Աքսայը: - «Մեծ հավանականություն կա, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կարող է կտրուկ աճել։ Պուտինը չէր ընդունի Թուրքիայի ներկայությունն այդ տարածքում, հատկապես վերջինիս կողմից Սիրիայից տարածաշրջան վարձկաններ տեղակայելու մասին հայտարարությունների ներքո»:
Ընդդիմադիր Ֆելիսիթի կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մուստաֆա Քայան համաձայն է, որ Ռուսաստանը փորձում է Թուրքիային հեռու պահել Հարավային Կովկասից:
Չնայած նա շեշտում է, որ իր կուսակցությունը լիովին սատարում է Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությանը, ասում է նաև, որ «մենք չենք կարող առանձին գնահատել Թուրքիայի կողմից ձեռնարկված ցանկացած դիվանագիտական քայլ: Սիրիան, Լիբիան և Ղարաբաղը, բոլորը փոխկապակցված են»:
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի և Լիբիայի վերաբերյալ հնարավոր բանակցությունները նույնպես դեր խաղացին, երբ երկու երկրներն իրենց վերջնական դիրքորոշումը հայտնեցին այդ հարցում»:
This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.