Institute for War and Peace Reporting | Giving Voice, Driving Change

Շինարարական բումը Երեւանում՝ մտահոգությունների պատճառ

By Armen Karapetyan
  • View of Abovyan street from Republic square, Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
    View of Abovyan street from Republic square, Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
  • The Northern avenue was the first large construction project that started in 2000 in central Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
    The Northern avenue was the first large construction project that started in 2000 in central Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
  • The new face of an old city with 2,800 years of history. (Photo: Hayk Bianjyan)
    The new face of an old city with 2,800 years of history. (Photo: Hayk Bianjyan)
  • A view of central Yerevan from the rooftop of a building in Zakyan street. Yerevan, October 2012. (Photo: Hayk Bianjyan)
    A view of central Yerevan from the rooftop of a building in Zakyan street. Yerevan, October 2012. (Photo: Hayk Bianjyan)
  • The same view three years later from the same rooftop in Yerevan, March 2016. (Photo: Hayk Bianjyan)
    The same view three years later from the same rooftop in Yerevan, March 2016. (Photo: Hayk Bianjyan)
  • Two new floors added to an existing building in central Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
    Two new floors added to an existing building in central Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
  • Most of the buildings in this picture of central Yerevan were built during the last decade. (Photo: Hayk Bianjyan)
    Most of the buildings in this picture of central Yerevan were built during the last decade. (Photo: Hayk Bianjyan)
  • New buildings are getting higher and higher. (Photo: Hayk Bianjyan)
    New buildings are getting higher and higher. (Photo: Hayk Bianjyan)
  • Residents of the upper floors of old buildings added new extensions over their apartments. Amiryan Street, Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
    Residents of the upper floors of old buildings added new extensions over their apartments. Amiryan Street, Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
  • Residents added a new flat with balcony on top of the roof of an old building in Zakyan Street, Yerevan. (Photo: Hayk Bianjyan)
    Residents added a new flat with balcony on top of the roof of an old building in Zakyan Street, Yerevan. (Photo: Hayk Bianjyan)

Մասնագետներին անհանգստացնում են կառուցապատումների հետեւանքով առաջացող անվտանգության խնդիրները եւ պատմամշակութային ժառանգության կորուստը:

Երեւանի բնակիչ 83-ամյա Աշոտ Կիլիկյանը մատնացույց է անում նեղլիկ փողոցով իր երկհարկանի տնից առանձնացող բարձրահարկ, երկաթբետոնե նորակառույցը. «Ոչ մի կասկած չունեմ՝ մի քանի տարի անց այս ողջ շրջանը այսպիսի քառակուսի ու սառը տուփերի է վերածվելու»,- ասում է նա:

19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված տունը, ուր տարիներ շարունակ ընտանիքի հետ ապրել է ծերունին, Երեւանի կենտրոնում գտնվող արդեն սակավաթիվ հին կառույցներից է:

Թեեւ տան վրա այսօր էլ կարելի է հանդիպել դեռ խորհրդային տարիներին փակցված «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը, այսօր ծերունու տան երաշխավոր պետությունն այլեւս գոյություն չունի, իսկ ներկայիս իշխանությունները թույլատրել են առաջիկայում քանդել այն` տարածքը տրամադրելով բարձրահարկ շենքերի համալիր կառուցապատող ընկերությանը:

«Բոլշեւիկները համարում էին, որ այս տունը պատմական արժեք է եւ յոթանասուն տարի ձեռք չտվեցին: Սակայն անկախ Հայաստանի իշխանությունները գտան, որ այս տունը եւ հարակից՝ նմանատիպ տները այլեւս պատմական արժեք չեն»,- ասում է Կիլիկյանը:

Վերջին տարիներին հավակնոտ շինարարությունը նոր թափ է առնում հատկապես մայրաքաղաքի կենտրոնում: Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2005-2015թթ. Երեւանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի 1991-2004թթ. ժամանակահատավածի ցուցանիշը:

Այնպիսի երկրում, որի տնտեսությունը հիմնված է հիմնականում հանքարդյունաբերության, գյուղատնտեսության եւ առեւտրի վրա, քաղաքաշինությունը` մասնավորապես Երեւանում, ուր մեծահարուստ խավն ու սփյուռքի հայերը ձգտում են բնակարան կամ բիզնես գրասենյակներ ունենալ հատկապես մայրաքաղաքի փոքր կենտրոնում, դարձավ այլընտրանքային եկամտի գրավիչ աղբյուր:

Մայրաքաղաքի բնակիչները բողոքում են, որ լայնածավալ կառուցապատումը ոչ միայն երկրորդական է դարձնում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերն ու տեղաբնակների իրավունքները, այլ նաեւ վտանգավոր է:

Հայաստանի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, եւ մասնագետները նախազգուշացնում են, որ կառուցվող եւ արդեն գոյություն ունեցող շենքերը չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության պահանջներին: Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ուսումնասիրության համաձայն՝ երկրի տարածքում 5,5 մագնիտուդից բարձր ուժգնության երկրաշարժերի կրկնման միջին պարբերությունը կազմում է 30-40 տարի: Վերջին նման երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 28 տարի առաջ, Երեւանից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սպիտակ քաղաքում:

1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 25 հազար մարդու կյանք էր խլել, ավելի քան կես միլիոն մարդ մնացել էին անօթեւան:

Փորձագիտական գնահատականների համաձայն՝ զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե խորհրդային տարիներին շահագործման հանձնած շենքերը համապատասխանեին քաղաքաշինության նորմերին, իսկ բնակիչները շահագործման ընթացքում փոփոխության չենթարկեին շենքերի հիմք հանդիսացող պատերը:

Երեւանն այս առումով բացառություն չէ: Սակայն մայրաքաղաքում երկրաշարժից խոցելիության բարձր մակարդակը պայմանավորված է նաեւ նրանով, որ այստեղ բնակչության զգալի մասը բնակվում է բարձրահարկ շենքերում, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մայրաքաղաքի շուրջ 3500 բարձրահարկ շենքեր կամ ընդհանուրի 80%-ը չի համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին:  

«1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ անվտանգության պահանջները խստացվեցին: Եթե նախկինում պահանջվում էր, որ շենքերը դիմանան առնվազն 7.8 բալ ուժգնության ցնցումներին՝ համաձայն միջազգայնորեն ընդունված MSK-64 սանդղակի, ապա ներկայիս պահանջներով կառուցվող շենքերը պետք է դիմանան առնվազն 9 բալ ուժգնության ցնցումների», - ասում է «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Նոր բարձրահարկ շինությունները՝ այսպես կոչված «էլիտար շենքերը», սնկի պես աճում են հիմնականում հին թաղամասերի այն հատվածներում, որտեղ ապամոնտաժվում են մեկ կամ երկու հարկանի շենքերը, կամ դրանք «տեղավորում» են խորհրդային տարիներին կառուցված բարձրահարկների արանքում առկա ազատ գոտիներում` այսպիսով խտացնելով շենքերի դասավորվածությունը:

Ըստ Ազիզյանի՝ հին ու նոր շենքերի խիտ դասավորվածությունը երկրաշարժի դեպքում լուրջ վտանգ կարող է դառնալ բնակիչների համար:

Համատարած խնդիր է նաեւ բնակիչների կողմից շենքերի ապօրինի ձեւափոխումը` նոր լուսամուտներ կամ նոր մուտք բացելու նպատակով քանդվում են հիմնական պատերը, իսկ վերջին հարկերի բնակիչները սեփական նախաձեռնությամբ նոր հարկ են կառուցում առնվազը իրենց բնակարանի մակերեսի չափով:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ կցակառույցները ոչ միայն տգեղ են, հակասում են ճարտարապետության նորմերին, այլեւ թուլացնում են այդ շենքերի սեյսմակայունությունը:

«Արդյո՞ք իշխանությունները հետեւողական են, որ սնկի պես աճող նորակառույցներում պատշաճ կերպով պահպանվեն սեյսմիկ անվտանգության պահանջները, երբ մենք նկատում ենք, որ նույն իշխանությունները թույլ են տալիս, որ 70-80 տարվա շենքերի տանիքներին, մեկ, երկու, իսկ երբեմն նաեւ երեք հարկ կառուցել»,- իր մտահգոություն է փոխանցում ճարտարապետը:

Երեւանի Ավագանու ընդդիամդիր անդամ Անահիտ Բախշյանը կիսում է Մինասյանի մտահոգությունները.

«Անձամբ ես բազմիցս հարցրել եմ համապատասխան պաշտոնյաններին՝ ինչու՞ եք թույլտվություն տալիս խորհրդային շրջանի շենքերիի տանիքներին կառուցել մեկ, երկու, իսկ երբեմն երեք լրացուցիչ հարկեր: Չնայած իրենք ինձ հավաստիացրել են, որ այդ շենքերն ունեն անհրաժեշտ սեյսմակայոնոււթյուն եւ նոր հարկերը չեն ազդում շենքերի ամրության վրա, սակայն ես թերահավատ եմ: Այստեղ կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում»:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հասկանում է արտահայտվող մտահոգությունների պատճառը.

«Թեեւ նոր կառուցված շենքերը սեյսմիկ առումով ամուր են, որովհետեւ կառուցվել են միաձույլ՝ երկաթբետոնի կոնստրուկցիաներով, սակայն, այնուամենայնիվ, սեյսմիկ անվտագության խնդիր կա, որովհետեւ տարիներ անց շենքերը մաշվում են եւ խիտ կառուցապատումները ցանկալի է սահմանափակել»:

Նախարարը, սակայն, այն կարծիքին է, որ խորհրդային ժամանակաշրջանի շենքերի տանիքների կցակառույցներն առանձնապես վտանգավոր չեն կարող լինել:

«Ընդհանրապես, կցակառույցները եթե արվեն նախագծով, գրագետ ինժեներիայով, խնդիր չի առաջանա», - ասում է նախարարը:

Կառավարությունը խոստացել է, որ երկրաշարժից խոցելիության բարձր մակարդակ ունեցող շենքերը կապամոնտաժվեն, երբ նրանց ներկայիս բնակիչները տեղափոխվեն հատուկ կառուցված նոր շենքեր: Սակայն քանի որ այս ամենն իրականացվում է պետական ծրագրերի շրջանակներում, խիստ դանդաղ է առաջընթաց գրանցվում:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հավաստիացնում է, որ նախորդ տասնհինգ տարիներին Երեւանի կենտրոնում իրականացված շինարակական աշխատանքների հետեւանքով քանդվել են հին ճարտարապետության նմուշ հանդիսացող մոտ չորս տասնյակ տներ: Ըստ ճարտարապետի, ակնհայտ է՝ նշված գրեթե բոլոր դեպքերում գերակշռել են բիզնես շահերը:

«Անհանգստացած ենք, որ այն Երեւանը, որն ունի իր պատմական հուշարձանները, կորչում է, այդ հուշարձանները քանդվում են, եւ դա աղքատացնում է մեր քաղաքը: Երբեմն պահպանում են պատմական շենքի միայն ճակատային մասը, սակայն դա լուծում չէ եւ չի կարելի համարել որ մենք պահեցինք հուշարձանը: Ի սկզբանե հարկավոր էր մի ընդհանուր կոնցեպտ մշակել, որը չարվեց»,- նշում է Մինասյանը:

Քաղաքաշինության նախարարն իր հերթին, նշում է, որ կառավարությունը գիտակցում է նման բողոքների կարեւորությունը եւ հասկանում, որ մայրաքաղաքի բնակիչներին անհանգստացնում է շինարարության արագությունը:

Արդյունքում, ըստ Սարգսյանի «Երեւանի կենտրոնի մասին» օրենքը ընդունվել է Ազգային ժողովի օրակարգ: Այստեղ էլ այն կդրվի քննարկման:

«Այդ օրենքով խիստ բանաձեւեր են կիրառվելու հատկապես խտության մասով, կենտրոնում այլեւս խիստ կսհամանփակվեն նման խիտ կառուցապատումները», - ասում է նախարարը:  

«Այսուհետ՝ օրենքի ընդունումից հետո, առհասարակ արգելվելու են կետային նման կցակառույցները»:

Արմեն Կարապետյանն ազատ լրագրող է: