Institute for War and Peace Reporting | Giving Voice, Driving Change

Սիրիա. դերձակի աղջիկը

Երիտասարդ կինը կյանքով է վճարում իր համարձակության ու քաջության համար:
By Hadia Mansour

Հալեպի հյուսիսում գտնվող արվարձաններից մեկում՝ իմ բնակարանից մի քանի շենք այն կողմ, մի դերձակ էր ապրում իր դստեր՝ Հասնայի հետ:

Հասնան 21-ամյա գեղեցիկ, սեւահեր աղջիկ էր՝ շագանակագույն աչքերով, որոնց խորքում կայծկլտում էր խելքը:  

Երբ գնում էի նրա մոր մոտ՝ զգեստ ձեւափոխելու, հաճախ էի հանդիպում Հասնային: Նա ուժեղ անհատականություն էր, եւ ես հաճույք էի ստանում մեր ունեցած զրույցներից: Երբեմն նրան կատակով Զենոբիա էի անվանում, որովհետեւ նրա գեղեցկության ու խելքի համադրությունը հիշեցնում էր ինձ Փալմիրայի հայտնի թագուհուն:  

Հեղափոխության առաջին օրերին, կանանց ոչ մի հավաք չէր անցնում առանց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին քննարկումների: Նման խոսակցություններ հաճախ էին լինում, երբ այցելում էի դերձակին: Բնականաբար, մեզանից ոմանք կառավարության դեմ էին, մյուսները նրա կողմնակիցներն էին:  

Վերջիններս Հասնայի մոտ անասելի զայրույթ էին առաջացնում:

«Սա դաժան ու արյունարբու բռնապետություն է», - ասում էր նա կառավարության կողմնակիցներին:  

Նրա համաձակ վերաբերմունքը հպարտացնում էր ինձ, բայց արտահայտած տեսակետներն այլ կանանց անհարմար դրության մեջ էին դնում: «Շահիբայի» (իշխանամետ զինված միավորում) անդամներն ու իրազեկիչները վխտում էին Հալեպում, եւ եթե նման խոսակցությունները նրանց ականջն ընկնեին, հետեւանքները կարող էին սարսափելի լինել:   

«Դու համառ ես, զգույշ մնա: Ու՞ր կարող են հասցնել խոսքերդ», - ասում էին նրան:

Մի օր՝ 2013-ի մարտին, հանդիպեցի Հասնային մեր փողոցի անկյունում: Ես շուկա էի գնում որդուս հետ, իսկ նա՝ համալսարան: Ի վերջո, մենք ճանապարհ ընկանք նույն երթուղայինով, որտեղ մի քանի ուղեւորներ կային՝ երկու երիտասարդներ, երկու ծերունի եւ մի տատիկ իր թոռան հետ: 

Երբ մոտեցանք ալ-Քինդի հիվանդանոցին, մեզ կանգնեցրին կառավարական անցակետի մոտ: Զինվորներից մեկը մեր անձնագրերը պահանջեց, որոնք զննելուց հետո հրահանգեց ծերունիներից մեկին դուրս գալ երթուղայինից:

«Ինչո՞ւ: Ես ոչինչ չեմ արել», - ասաց պապիկը վախից նվաղած ձայնով:

Զինվորներից մեկը ծիծաղով պատասխանեց. «Դու Մարեից ես: Դուրս արի»:

Ծերուկը երերալով իջավ երթուղայինից: Նրա քայլվածքից պարզ երեւում էր, որ հիվանդ էր, բայց զինվորներին դա չէր հետաքրքրում: Նրանց համար կարեւորը միայն այն էր, որ ծերունին Մարեից էր՝ հեղափոխության կողմն անցած առաջին հյուսիսային քաղաքներից մեկից:

Բոլորս լռությամբ հետեւում էինք այդ տեսարանին: Բոլորս, բացի Հասնայից:

«Հանգիստ թողեք խեղճ մարդուն, - բղավեց նա, - Դուք ի՞նչ է, Աստծուց վախ չունեք, անիրավներ»:

Հանկարծ, չգիտես որտեղից, մի հսկա բեղավոր զինվոր հայտնվեց ու դուրս տարավ Հասնային՝ ասելով. «Կգաս նրա հետ, որ տեսնես՝ իրական անիրավությունը որն է»:

«Աստծո անեծքը ձեզ վրա լինի», - բացականչեց աղջիկը, երբ զինվորը նրան քաշքշելով դուրս տարավ:

Մինչ մեր երթուղայինը նորից կշարժվեր, ես արցունքներն աչքերիս նայում էի, թե ինչպես էին զինվորները ոտքերով հարվածում եւ ծեծում Հասնային: Նրանք անգութ էին: Հասնան մեղավոր էր, որովհետեւ ճշմարտությունն էր ասել:

Նույն օրը, երբ տուն վերադարձա, տեսա Հասնայի մորն իր տան մուտքի դռան առջեւ: Նա խոսում էր երթուղայինում մեզ հետ եղած երիտասարդներից մեկի հետ: Երիտասարդն արել էր այն, ինչ ես քաջություն չէի ունեցել անելու՝ պատմելով Հասնայի ընտանիքին, թե ինչ էր պատահել աղջկա հետ:

Այդ օրվանից երեք ամիս շարունակ Հասնայի ընտանիքը նրան էր փնտրում անվտանգության մարմինների տարբեր շտաբերում:

Երբ նա վերջապես տուն վերադարձավ, ազատվելով իշխանությունների անարդարությունից, այս անգամ էլ դարձավ ասեկոսեների զոհ:

Հարեւաններn ամեն կերպ փորձում էին երեւակայել, թե ինչ կարող էր եղած լինել աղջկա հետ բանտարկության ժամանակ:

Մի քանի օր անց, մոտակա մզկիթից մահվան բոթ լսվեց: Մզկիթը Հասնայի մահն էր գուժում: 

Ոմանք ասում են, որ չդիմանալով իր նկատամբ անարդար վերաբերմունքին, Հասնան սրտի կաթված էր ստացել: Մյուսների խոսքով՝ նա ինքնասպան էր եղել: Կային կարծիքներ նաեւ, որ աղջկան սեփական եղբայրն էր սպանել:

Անձամբ ինձ շատ է հետաքրքրում, թե հատկապես ով էր սպանել Հասնային: Իշխանությա՞ն ներկայացուցիչները, թե՞ կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեցող հասարակությունը, որտեղ ասպետությունն այլեւս վերացել է: 

Աստված թող հոգիդ լուսավորի, Հասնա: Դու միշտ էլ կլինես հեղափոխության խորհրդանիշը, որի կրակն անմար է:

Հադիա Մանսուրը Սիրիայի Իդլիբ քաղաքից IWPR-ի Դամասկոսի գրասենյակի թղթակիցն է, ով կեղծանվան տակ է գրում:

Հոդվածը հրապարակվել է IWPR-ի Դամասկոսի գրասենյակի կողմից, որը սիրիացի լրագրողների համար նախատեսված լրատվական հարթակ է: