Institute for War and Peace Reporting | Giving Voice, Driving Change

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաշված օրեր են մնացել

Փոփոխությունների շրջանակներում առաջարկվում է անցում կատարել նախագահական կառավարաման համակարգից խորհրդարանական համակարգին:
By Oksana Musaelyan
  • Gianni Buquicchio, head of the Venice Commission, broadly supports the Armenian reform plan. (Photo courtesy of G. Buquicchio)
    Gianni Buquicchio, head of the Venice Commission, broadly supports the Armenian reform plan. (Photo courtesy of G. Buquicchio)
  • Simona Granata-Menghini, deputy secretary of the Venice Commission. (Photo courtesy of S. Granata-Menghini)
    Simona Granata-Menghini, deputy secretary of the Venice Commission. (Photo courtesy of S. Granata-Menghini)
  • Ցուցարարները Հայաստանի խորհրդարանի շենքի առջեւ հոկտեմբերի հինգին՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրինագծի քննարկման օրը: (Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» գործակալություն):
    Ցուցարարները Հայաստանի խորհրդարանի շենքի առջեւ հոկտեմբերի հինգին՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրինագծի քննարկման օրը: (Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» գործակալություն):

Շաբաթվա վերջում կայանալիք հանրաքվեին ընտրողները պետք է որոշեն՝ արդյո՞ք հաստատել սահմանադրական բարեփոխումները, որոնց շնորհիվ՝ նախագահի լիազորությունները կկրճատվեն՝ ընդլայնելով խորհրդարանի եւ վարչապետի իրավասությունների շրջանակը:

Փոփոխությունների փաթեթը, որի համար քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, հանդիպեց քաղաքական ընդդիմության դիմադրությանը, սակայն ողջունվեց սահմանադրական օրենսդրության հարցերով Եվրոպայի խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Բարեփոխումների հաստատման դեպքում, այսուհետ երկրի նախագահը կզբաղեցնի իր պաշտոնը ոչ թե անմիջական ընտրությունների միջոցով, այլ կընտրվի խորհրդարանի կողմից: Նախագահի պաշտոնավարության ժամկետը եւս փոփոխության կենթարկվի. ներկայիս 5 տարվա փոխարեն այն կերակարաձգվի մինչեւ 7 տարի:

Լիազորությունների կրճատման դեպքում, նախագահն առավելապես զուտ ձեւական դեր կունենա եւ իրավունք կունենա զբաղեցնել իր պաշտոնն ընդամենը մեկ անգամ՝ առանց վերընտրման իրավունքի:

Այնուամենայնիվ, բարեփոխումների փաթեթի հակառակորդներին առավելապես մտահոգում է այն, որ նոր սահմանադրությանն «այո» ասելու դեպքում, Հայաստանն ավելի ժողովրդավարական պետության վերածվելու փոխարեն, կհայտնվի անժամկետ միակուսակցական ռեժիմի ճիրաններում:

Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, տարիներ շարունակ պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, եւ նախաձեռնության քննադատներն ասում են, որ Սարգսյանը կկարողանա պահպանել դե ֆակտո քաղաքական իշխանությունը, երբ ավարտվի նրա պաշտոնավարման ժամկետը 2018 թվականին: Սահմանադրության դրույթներից մեկ գրեթե երաշխավորում է, որ հանրապետականները կպահպանեն խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո ոչ մի կուսակցություն չկարողանա կառավարություն ձեւավորել, ապա քվեարկության երկրորդ փուլ տեղի կանցկացվի առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած երկու կուսակցությունների կամ կոալիցիաների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 23-24-ը կայացած հանդիպման շրջանակներում, սակայն, Վենետիկի հանձնաժողովը միաձայն ընդունված իրավական եզրակացությամբ հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումներին:

Ինչպես IWPR-ին հայտնեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, փոփոխությունների տեքստը համահունչ է հանձնաժողովի առաջարկներին, եւ փորձագետները «չափազանց գոհ են» Հայաստանի հատուկ նախագահական հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթից:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Սիմոնա Գրանատա-Մենգինին, իր հերթին, անհիմն է համարում հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած որոշ առարկությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Մենք, իսկապես, այդ տեքստը խնդրահարույց չենք համարում», - հայտարարել է նա, հավելելով, որ իրական խնդիրը կայանում է Հայաստանում վստահության բացակայության մեջ, ինչն էլ հանգեցնում է տարածված այն տեսակետին, թե «այստեղ ինչ-որ բան սխալ պետք է լինի, քանի որ սա չափազանց լավ է, որ ճշմարտություն լինի»:

Սահմանադրական բարեփոխումները հանգեցրել են  հայաստանյան քաղաքական դաշտի բեւեռացման: Փոփոխության կողմնակիցները պնդում են, որ պատրաստ են ավելի լավ համակարգ ստեղծել, իսկ հակառակորդները մնում են այն կարծիքին, որ ճիշտ հակառակն է լինելու, եւ որ նախաձեռնությունը միայն քաղաքական անկայունություն ու քաոս կբերի: Հիմնական ընտրազանգվածը, սակայն, կարծես ընդհանրապես անտարբեր է սահմանադրական բարեփոխումների եւ նրանց շուրջ սկսված քարոզարշավի նկատմամբ (մանրամասների համար՝ տե՛ս հոդվածի անգլերեն տարբերակը):

Վենետիկի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք կողմ է նոր սահմանադրությանը, թե՝ ոչ, թեեւ ավելի լավ կլիներ, եթե հասարկությունն առավել տեղեկացված լիներ, քանի որ բարեփոխումների հետ կապված մանրամասներն իրականում այնքան էլ լավ չեն ընկալվում:  

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին՝ Գրանատա-Մենգինին նշում է, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգի շրջանակներում, պետության ղեկավարները չեն կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ նրանց իրավասությունների շրջանակն այնքան մեծ է, որ այն թույլ է տալիս նրանց պահպանել նախագահական աթոռը ընդհուպ մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը, բացառությամբ իմպիչմենտի դեպքերի:

«Այս ամենի հետեւանքով իշխանության՝ բռնատիրական համակարգի վերածվելու վտանգ է առաջանում», - ասում է նա:

Նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունները, սակայն, Գրանատա-Մենգինին էական չի համարում:

«Մենք, բնականաբար, չենք կարող իմանալ, եւ մեզ չի էլ վերաբերում այն հարցը՝ արդյոք գործող նախագահն իր թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար: Եթե նա այդ  քայլին դիմի, ապա սահմանադրությունը… կունենա մեխանիզմներ, որոնք թույլ կտան խորհրդարանին եւ ժողովրդին միջամտել», - կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալը:

Հանձնաժողովի փորձագետների համար, սակայն, անակնկալ էր այն փաստը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում Հանրապետականների նախընտրական շտաբը, ինչը նշանակում է, որ կառավարությունը չեզոքություն չի պահպանում, եւ որ սա կարող է հակառակ արդյունքի բերել՝ հետ կանգնեցնելով ընտրողներին նոր սահմանադրության օգտին քվեարկելուց:

«Ինձ համար տարօրինակ է սա հնչում: Ըստ էության, վարչապետը պետք է զբաղված լինի այլ բաներով, եւ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր կարող են իրենց ուսերին վերցնել այդ բեռը», - նշում է Բուքիքիոն:

Վենետիկի հանձնաժոցովի փորձագետները նաեւ որոշ «ակնառու խնդիրներ» են նշել ընտրողների ցուցակների ճշգրտության հետ կապված, ինչը կարող է ազդել հանրաքվեի գործընթացի եւ դրա վերջնական արդյունքների վրա:

«Դա կախված է ինչպես իշխանություններից, այնպես էլ քաղաքացիներից, քանի որ շատ կեղծիքներ հենց քաղաքացիների կողմից են կատարվում»,- նշում է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Վերջին տարիներին, եւս երկու նախկին խորհրդային հանրապետություններ՝ Ղրղզստանը եւ Վրաստանը, նույնպես անցել են խորհրդարանական կառավարման համակարգին, չնայած արձանագրված հաջողությունները տարբեր մակարդակի են եղել:

Ղրղզստանը նոր սահմանադրություն ընդունեց 2010 թվականին, երբ նախագահ Կուրմանբեկ Բակիեւը զրկվեց զբաղեցրած աթոռից համաժողովրդական ապստամբության արդյունքում:  Նոր սահմանադրությունը նախագահի որոշ գործադիր լիազորությունները փոխանցեց խորհրդարաին ու վարչապետին: Այդ ժամանակից ի վեր, գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մեծ դժվարությամբ է կարողանում պահպանել կառավարական մարմինների միասնությունը, քանի որ հաջորդաբար կոալիցիաներ են ձեւավորվում եւ լուծարվում:

Ղրղզստանում գործող «կիսախորհրդարանական» համակարգից լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելը կամ նախագահական կառավարման համակարգին հետ վերադառնալը շարունակական բանավեճի թեմա է դարձել:

Վրաստանում սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ներկայացվել է 2010 թվականին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից: Բարեփոխումներին հետեւեցին ամիսներ տեւած բողոքի ցույցերը:  Փոփոխությունները, որոնք կրճատում էին նախագահի լիազորությունները՝փոխանցելով դրանց մեծ մասը վարչապետին, հաստատվեցին խորհրդարանի կողմից 2012 թվականին: Բարեփոխումները ուժի մեջ մտան 2013-ի հոկտեմբերին, երբ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց, եւ նոր նախագահական ընտրություններ անցկացվեցին:

Վրաստանի նախագահն այսօր, միեւնույն է, ավելի մեծ իշխանություն ունի, քան կունենա Հայաստանի նախագահը նոր սահմանադրության հաստատման դեպքում: Օրինակ, Վրաստանի նախագահը դեռեւս կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել, եթե ոչ մի կուսակցություն չկարողանա բացարձակ մեծամասնություն ձեռք բերել, իսկ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցությունները ձախողվեն: Վրաստանում պետության ղեկավարն իր պաշտոնը զբաղեցնում է անմիջական ընտրությունների միջոցով եւ իրավասու է վետո կիրառել կառավարության մի շարք որոշումների դեմ:

Օքսանա Մուսայելյանը ազատ լրագրող է Հայաստանում:

 

 

More IWPR's Global Voices