Ինչպես պայքարել պլուտոկրատիայի դեմ

Նույնիսկ զարգացող ժողովրդավարական պետություններում քաղաքական հաստատությունները շարունակում են խոցելի մնալ գերհարուստների հանդեպ։ Հեղինակ՝ Ղիա Նոդիա

Ինչպես պայքարել պլուտոկրատիայի դեմ

Նույնիսկ զարգացող ժողովրդավարական պետություններում քաղաքական հաստատությունները շարունակում են խոցելի մնալ գերհարուստների հանդեպ։ Հեղինակ՝ Ղիա Նոդիա

Ghia Nodia, a professor of political science in Georgia's Ilia State University. (Photo courtesy of G. Nodia)
Ghia Nodia, a professor of political science in Georgia's Ilia State University. (Photo courtesy of G. Nodia)
Friday, 26 July, 2019
Ghia Nodia

Ghia Nodia

Professor at Ilia State University, Georgia

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան շատ ընդհանրություններ ունեն։ Նրանց քաղաքական համակարգերը անհամեմատ ավելի բաց են, քան հետխորհրդային շատ երկրներում, և, նախապատվություն տալով ԵՄ ասոցացման համաձայնագրերին՝ նրանք վերահաստատեցին իրենց ռազմավարական ընտրությունը՝ հօգուտ զարգացման եվրոպական ճանապարհի։ Այնուամենայնիվ, այս երկրները դեռ բավականաչափ զարգացած չեն՝ լիարժեք ժողովրդավարություն կոչվելու համար։

Մասնավորապես նրանց թույլ քաղաքական հաստատությունները խոցելի են գերհարուստ անհատների կամ խմբերի հանդեպ։ Օլիգարխիկ, իսկ ավելի հստակ՝ պլուտոկրատական ներգործության դեմ պայքարը երեք երկրների համար էլ առաջնահերթություն է դարձել։

Սակայն, նրանց միջև էական տարբերություններ կան։ Մոլդովայում և Վրաստանում նախկինում իշխում էին անհատներ, որոնք սկզբում դարձան հաջողակ ձեռներեցներ, այնուհետ՝ վերածեցին իրենց ֆինանսական ռեսուրսները քաղաքական ուժի՝ Վլադ Պլախոտնյուկը և Բիձինա Իվանիշվիլին։ Այս առաջնորդներից ոչ մեկը պաշտոնական դիրք չուներ կառավարությունում (չհաշված Իվանիշվիլիի իշխանավարությունը 2012թ․ հոկտեմբերից մինչև 2013թ․ հոկտեմբեր), սակայն նրանք, փաստացի, գործուն իշխանություն էին իրականացնում խորհրդարանական համակարգերի մեծամասնական՝ համապատասխանաբար Ժողովրդավարական և Վրացական երազանք կուսակցությունների միջոցով։ Մյուս կողմից՝ Ուկրաինայում պլուտոկրատական պլյուրալիզմի համակարգ էր ձևավորվել․ մի քանի գերհարուստ անհատների միջև ազդեցության մրցակցություն էր ձևավորվել, մեծ մասամբ՝ ԶԼՄ-ների և քաղաքական կուսակցությունների վերահսկման միջոցով։ Նրանցից մեկը, Պետրո Պորոշենկոն, դարձավ նախագահ։

Այս տարի Մոլդովան և Ուկրաինայում քաղաքական շրջադարձեր իրականավեցին ընտրական կարգերի փոփոխության շնորհիվ, թեև սա տեղի ունեցավ ոչ ավանդական եղանակով։ Ուկրաինայում քաղաքական սկսնակի, անորոշ ուղերձով հայտնի կատակերգուի ընտրարշավի արդյունքում ընտրողների մեծամասնությունը դեմ քվեարկեց կոռումպացված քաղաքական էլիտային։ Քաղաքական փորձի բացակայությունը Վլադիմիր Զելենսկուն նախագահի լավագույն թեկնածու պատկերող հիմնական գործոններից էր․ ընտրողներից շատերի համար քաղաքականության մեջ փորձը ինքնին կապվում էր կոռուպցիայի հետ։ Հուլիսի 21-ի խորհրդարանական ընտրություններում Զելենսկու մանդատն ամրագրվեց «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակով։

Մոլդովայի ուղին ավելի ավանդական էր։ Փետրվարի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջատար էին երեք կուսակցություն՝ Ժողովրդավարական կուսակցությունը, բացահայտ ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունը և եվրոպամետ ACUM դաշինքը։ Սահմանադրորեն ընդունելի ժամկետների ավարտին ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը և ACUM-ը որոշեցին սառեցնել իրենց խորքային քաղաքական տարաձայնությունները և կառավարություն ձևավորել։ Պլախոտնյուկը դուրս մղվեց։

Դեռ վաղ է դատել՝ որքանով իրենց կարդարացնեն նոր կառավարությունները։ Ո՞վ գիտե, թե Զելենսկու իշխանությունն ինչի կհանգեցնի Ուկրաինայում, իսկ Մոլդովայում, քաղաքական դաշնակիցների ծայրահեղ տարօրինակ զույգը, հնարավոր է, չկարողանա միասին աշխատել։ Այնուհանդերձ, նախկին պաշտոնավարողների պարտությունն ընտրություններում տարածաշրջանային մակարդակով նշանավորման արժանի և արտասավոր երևույթ է։

Վրաստանում Իվանիշվիլին և նրա «Վրացական երազանք» կուսակցությունը կարող են կորցնել վարկանիշը, բայց սա չի նշանակում, որ կպարտվեն ընտրություններում։ Անցած տարվա հոկտեմբերի նախագահական ընտրությունները լավ փորձություն էին, թեև Վրաստանի սահմանադրական համակարգում նախագահի պաշտոնը բացառապես ձևական է։ Հաղթեց կառավարության աջակցությունը վայելող թեկնածուն, սակայն՝ վախի, ընտրակաշառքի և սակավադեպ լցոնումների հանրանկարում։ Շատերի սպասելիքները հոռետեսական էին․ եթե այս կարգը հաստատվի, ապա կառավարությունը կարող է թույլ չտալ, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Ավելին, ներկայիս խառն ընտրակարգն առանցքային առավելություն է տալիս իշխող քաղաքական ուժին․ 2016թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցական ցուցակով իշխող կուսակցության ցուցանիշը 48% էր, մինչդեռ միամանդատ ընտրատարածքներում մեծամասնական ընտրությունների արդյունքում այն ստացավ բոլոր 150-ից 73 տեղ։

Վերջերս կառավարությունը կարևոր հաղթանակ տարավ մեդիա դաշտում։ Դեռևս 2017-ին Վրաստանի դատական ատյանները որոշեցին հանձնել հիմնական ընդդիմադիր Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը ձեռնարկատեր Քիբար Խալվաշիին, որն, ըստ որոշ տեղեկությունների, մոտ էր կանգնած կառավարությանը։ Ռուսթավի-2-ը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի որոշմամբ դատարանի որոշումը կասեցվեց՝ մինչև վերջնական վճռի կայացումը։ Սակայն, ս․թ․ հուլիսի 18-ին ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ վրացական դատական ատյանները չեն խախտել Ռուսթավի-2-ի իրավունքները, և Խալվաշին դարձավ հեռուստաընկերության նոր սեփականատերը։ Որքան էլ արդարացված լինեն այս դեպքում իրավական հիմքերը, արդյունքն այն է, որ մեդիա դաշտում հավասարակշռությունը կփոխվի՝ հօգուտ կառավարության։ Վրաստանում կան նաև այլ անկախ լրատվամիջոցներ, բայց դրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել Ռուսթավի-2-ի հետ՝ ժողովրդականությամբ և լսարանով։

Այս հանգամանքներում փողոցային պայքարը դիմադրության ավելի արդյունավետ գործիք է թվում, քան ավանդական խորհրդարանական քաղաքականությունը։ Հունիսի 20-ին ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նախագահեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը՝ զբաղեցնելով Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը։ Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Ակնհայտ էր, որ կառավարությունը իշխանության ղեկը հանձնել է զավթիչ ուժի ներկայացուցչին։ Բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք առաջնորդում էին քաղաքական ենթակայության ցանկացած դրսևորում ժխտող երիտասարդներ։  

Գավրիլովի միջադեպն, անշուշտ, խթան էր․ բողոքի ցույցերը վերաճեցին կառավարության ընդհանուր դատապարտման։ Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց։ Ամենակարևորը՝ կառավարությունը համաձայնեց սահմանադրական փոփոխություն իրականացնել, համաձայն որի 2020-ի հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրական համակարգի պայմաններում։ Այս հարցում Վրացական երազանքը նախկինում հետևողականորեն անտեսում էր քաղաքացիական հասարակության, ընդդիմության և միջազգային հանրության կարծիքները, սակայն փողոցային պայքարի արդյունքում հանձնվեց։

Այս որոշումը կարող է փոխել խաղի կանոնները։ Ընտրությունների ժամանակ ոչ ոք հավասար պայմաններ չի ակնկալում, սակայն, եթե փոքր հավանականություն կա, որ իշխող կուսակցությունը ձայների բացարձակ մեծամասնություն կհավաքի, կամ կկարողանա մեծամասնության կոալիցիա ձևավորել, ապա ընդդիմությանն, առնվազն, նույնպես կտրվի իրատեսական հաղթանակի հնարավորություն։

Իսկ ովքե՞ր են ներկայացնում ընդդիմությունը։ Այս պահին Միխաիլ Սահակաշվիլլի Միասնական ազգային շարժումը և դրանից անջատված Եվրոպական Վրաստանը հիմնական խաղացողներ են։ Այնուամենայնիվ, ընտրազանգվածի մեծ հատվածի համար թե՛ Վրացական երազանքը, թե՛ Միասնական ազգային շարժումը հավասարապես անընդունելի են, և արդեն ակնհայտ է, որ այս՝ դեռևս անորոշ հատույթում ուժեղ մրցակցություն կլինի։

Հուլիսի 9-ին ձեռնարկատեր Մամուկա Խազարաձեն, որի վարկանիշն ընկել էր Բիձինա Իվանիշվիլիին զուգահեռ, հայտարարեց, որ մտադիր է նոր շարժում հիմնել։ Ըստ որոշ փորձագետների՝ Խազարաձեին կհաջողվի գրավել տատանվող քվեների մեծամասնությունը։

Սակայն, ձեռներեցի այս հայտարարությունից տասնհինգ օր անց դատախազությունը նրան փողերի լվացման մեղադրանք առաջադրեց։ Կառավարությունը պնդում է, որ սա ընդամենը պատահականություն էր, սակայն ակնկալիքները կրկին հաստատվեցին․ Վրաստանում սպասվում է առանձնակի կեղտոտ ընտրարշավ։

Գիա Նոդիան Վրաստանի Իլիայի պետական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է։

This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.

Frontline Updates
Support local journalists