Ցուրտ իրականություն. վանաձորցի Ձյունանուշի ամանորյա ժպիտները միայն լուսանկարիչների համար են

Վեցերորդ Նոր տարվա գիշերն էլ Մարիամն անցկացրեց ոչ թե ընտանեկան ջերմ հարկի տակ, այլ Վանաձորի կենտրոնական հրապարակում:

Ցուրտ իրականություն. վանաձորցի Ձյունանուշի ամանորյա ժպիտները միայն լուսանկարիչների համար են

Վեցերորդ Նոր տարվա գիշերն էլ Մարիամն անցկացրեց ոչ թե ընտանեկան ջերմ հարկի տակ, այլ Վանաձորի կենտրոնական հրապարակում:

IWPR

Institute for War & Peace Reporting
Saturday, 19 January, 2008
Ձյունանուշի հանդերձանքով Ամանորի գիշերից մինչև հին Նոր տարի Հայքի հրապարակի տոնածառի մոտ նա սպասում է լուսանկարվել ցանկացողներին, նաև նրանց, ովքեր տոն օրերը պատրաստվում են անցկացնել Ձմեռ պապի ու Ձյունանուշի ընկերակցությամբ:
Վանաձորցիներից շատերն են ճանաչում 21-ամյա Մարիամին, իսկ նրա լուսանկարները շատերի ընտանեկան ալբոմներում կգտնեք: Ամեն առավոտ նա Ձյունանուշի զգեստով մոր ուղեկցությամբ ոտքով հասնում է Վանաձորի Հայքի հրապարակ:
Մարիամ Այվազյանը Վանաձորի միակ Ձյունանուշն է, որը տոնածառի մոտ հավաքված լուսանկարիչների, Ձմեռ պապերի ու հեքիաթների հերոսները մարմնավորող կերպարների հետ գումար է վաստակում:
«Հաճույքի համար չեն սառչում,- ասում է Ձյունանուշը: - Ինձ ցույց տալու համար չեմ գնում: Գնում եմ, որ մի 200 դրամ (մոտ 60 սենթ` մեկ լուսանկարի գինը) ավելի աշխատեմ: Դա ինձ համար ևս մեկ հացի փող է»:
Մարիամը մշտական աշխատանք չունի: Ապրում է Վանաձորի քիմգործարանի տնակային թաղամասում: Երկու սենյականոց տնակն արդեն բնակության համար պիտանի չէ, թեպետ մայր ու աղջիկ տեսքի են բերել այն ու հյուրերի համար հարմարավետ դարձրել:
4 տարի առաջ մայրը կորցրեց հիմնական աշխատանքն ու աղջկան պահելու համար այս ու այնտեղ աշխատանք փնտրելուց հոգնած՝ հույսը դրեց պատահական գործերի վրա:
Ձյունանուշի գործն էլ մայրն է Մարիամի համար գտել: 16 տարեկան էր, երբ Ամանորի գիշերը մոր հետ Հայքի հրապարակ գնալով` հանդիպեցին մի ծանոթ լուսանկարչի:
«Նա լավ գիտեր մեր ծանր վիճակը և առաջարկեց Մարիամին Ձյունանուշ աշխատել»,- ասում է մայրը՝ տիկին Կարինեն:
«Դա ինձ էր պետք: Կարող էի մերժել, որովհետև էդքան էլ հաճելի բան չի գնալ-սառել, բայց, դե, որ պիտի ընտանիք պահես…»,- մորը լրացնում է Ձյունանուշը:
Մի գիշերվա մեջ մոր հետ սպիտակ զգեստը ձևափոխում են, թագ պատրաստում, ու հաջորդ առավոտյան մայրն աղջկան ուղեկցում է հրապարակ: Նրանց ոգևորությանը չեն խանգարում անգամ ձմեռային կոշիկի փոխարեն Ձյունանուշի զգեստին ամենևին չսազող մարզակոշիկները:
«Այլ բան է, որ ապահովված ես, բայց աշխատում ես: Եթե ոչնչի կարիք չունենայի, կարող է և չաշխատեի: Բայց երբ գիտես՝ ծնողդ աշխատանք չունի, հաստատ հաճույքի համար նման գործ չես անի, որովհետև «հաճույքի» հետևանքներն էլ վատ են լինում, որովհետև քո առողջությունից է գնում»:
Ամենաշատը ոտքերն են սառչում, հետո` ձեռքերը, որոնք տաքացնելու համար երբեմն մի քանի րոպեով կամ քեռու տուն է մտնում, կամ էլ Լոռու մարզպետարանի շենք, որը մոտակայքում է:
Վեց տարվա սառչելու հետևանքներն արդեն զգում է: «Տարեցտարի թեթև հագուստ չեմ կարողանում հագնել: Նույնիսկ ամռան ամիսներին, երբ մի թեթև քամի է փչում, որքան էլ կողքիններս զարմանում են, ես դողացնում եմ»:
Ամանորի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 5-ը, նա անցկացնում է տոնածառի շուրջը կամ էլ ուրիշների հարկի տակ՝ Ամանորը շնորհավորելով: Հետո վերադառնում է տուն ու նոր շնորհավորում մորը: Եվ եթե ուրիշներն Ամանորի գիշերը հավաքվում են առատ սեղանի շուրջը, ապա Մարիամենց սեղանը հաճախ դատարկ է մնում մինչև առաջին գումարը վաստակելը: «Օրինակ` նախանցյալ տարի՝ 31-ին դեռ ոչինչ չէի գնել: Գիշերն աշխատել եմ, հունվարի 1-ին գնացել առևտուր արել ու սեղան գցել»:
Նախորդ տարիների 100 դրամի (0.3$) փոխարեն, Ձյունանուշի հետ լուսանկարվելու համար, նկարի գնից բացի, պետք է վճարել ևս 300 դրամ (0.9$):
Մարիամն ինքնուրույն է աշխատում: Լուսանկարիչները նրանից գումար չեն վերցնում: Նկարիչների, Ձմեռ պապերի ու նրա միջև մտերմություն է հաստատվել: Հարկ եղած դեպքում նրանք Ձյունանուշին պաշտպանում են ու հարթում խոչընդոտները: Պատմում է, թե վերջերս երիտասարդ տղաներ էին եկել և ուզում էին միայն Ձյունանուշին տուն հրավիրել՝ տոնական խնջույքին մասնակցելու համար: Մարիամի ընկեր Ձմեռ պապերն ու լուսանկարիչները բացատրել են, թե առանց Ձմեռ պապի Ձյունանուշը նման այցելություններ չի անում:
Վտանգավոր է` ասում է Մարիամը: Նա իր գործում արդեն մասնագիտացել է: Եթե սկզբնական շրջանում նրա լուսանկարները ստացվում էին լուրջ դեմքով ու անհետաքրքիր, ապա հիմա գիտի, թե ինչպես պայծառացնի նկարը. «Կարևորը` համեստ հագուստով լինես»:
Ձյունանուշին ավելի շատ դուր է գալիս զորամասեր այցելելը: Նա արդեն հասցրել է նաև տնային տասը այցելություն ունենալ, որոնցից ամեն մեկի համար ստացել է միջինը 3 հազար դրամ (10$):
Տարեցտարի լուսանկարվողների թիվը պակասում է: Եթե նախորդ տարիներին ամանորյա մեկ գիշերում նա վաստակում էր 30.000-40.000 դրամ (100-130$), ապա այս Ամանորի առաջին չորս օրվա վաստակը կազմել է 40.000 դրամ (132$): Անցյալ տարվա եկամուտը չէր գերազանցել 300$-ը, ինչն այստեղ բնավ վատ չէ երկու շաբաթվա համար:
Իր ձյունաճերմակ զգեստի տակից Մարիամը մի քանի տաք շոր է հագնում: Ձյունանուշի զգեստը գնել է չորս տարի առաջ 100 դոլարով:
Վաստակածը Մարիամը ծախսում է անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելու վրա: Անցյալ տարի վառելափայտ էր գնել՝ տնակը տաքացնելու համար: Մի մասն էլ ծախսել էր կոմունալ պարտքերը մարելու ու առօրյա գնումներ կատարելու վրա: «Օրվա բերած` օրվա տարած»,- ասում է Մարիամի մայրը:
Մարիամն այս տարվա աշխատած գումարը ևս կծախսի ընտանիքի կարիքները հոգալու վրա: Նա երազում է սեփական տան ու կայուն աշխատանքի մասին, որը հնարավոր է միայն կրթություն ստանալուց հետո, ինչի համար գումար չունի:
Ու ամեն Ամանոր ստիպված է նշել Վանաձորի Հայքի հրապարակում:
«6 տարի է` չեմ կարողանում Նոր տարին նշել: Ամեն մարդ այն պետք է իր տանը նշի»,- տրտնջում է վանաձորցի Ձյունանուշը:
Frontline Updates
Support local journalists