Ադրբեջանում իշխող կուսակցությունը կանխատեսելի հաղթանակ է տանում

Տեղական դիտորդական կազմակերպություններից մեկն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատել է որպես «ոչ ազատ, ոչ արդար, ոչ ժողովրդավարական եւ ոչ թափանցիկ»:

Ադրբեջանում իշխող կուսակցությունը կանխատեսելի հաղթանակ է տանում

Տեղական դիտորդական կազմակերպություններից մեկն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատել է որպես «ոչ ազատ, ոչ արդար, ոչ ժողովրդավարական եւ ոչ թափանցիկ»:

President Ilham Aliyev of Azerbaijan. (Photo: Azertaj news agency)
President Ilham Aliyev of Azerbaijan. (Photo: Azertaj news agency)
Saturday, 7 November, 2015

Աֆղան Մուխթարլի 

Քվեարկության վերջնական արդյունքը լիովին կանխատեսելի էր. նախագահ Իլհամ Ալիեւի կուսակցությունը, մասնակցելով նոյեմբերի մեկին կայացած ընտրություններին, ամրապնդեց իր դիրքերը՝ 20 տարի առաջ իշխանության ղեկը ստանձնելուց ի վեր:

Ընտրություններն անցկացվեցին քաղաքացիական հասարակության եւ անկախ լրատվամիջոցների նկատմամբ շարունակական ճնշումների մթնոլորտում՝քննադատվելով եւ բոյկոտվելով ադրբեջանական առաջատար ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ մոնիտորինգ իրականացրած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից: 

Քվեարկության վերջնական արդյունքներով՝ Ալիեւի «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը զբաղեցրեց Միլլի Մեջլիսի 125 տեղերից 71-ը: Եվս 12 խորհրդարանական մանդատները բաշխվեցին 11 իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, իսկ մնացած 42-ը բաժին հասան ձեւականորեն անկախ, սակայն իրականում կառավարամետ թեկնածուներին:

«Ենի Ազերբայջանի» կատարյալ հաղթանակն անսպասելի չէր: Այն մշտապես հաղթել է 1995-96թթ. ի վեր անցկացված բոլոր խորհրդարանական ընտրություններում՝ նախ հանգուցյալ Հեյդար Ալիեւի օրոք, այնուհետեւ՝ նրա որդի Իլհամի նախագահության ընթացքում:

Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ», «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»  կուսակցությունները եւ «NIDA» քաղաքացիական շարժումը բոյկոտեցին ընտրությունները, չնայած նրանց մի մասը հետաձգեց այս որոշումն ընդհուպ մինչեւ քվեարկության օրը:  

ԵԱՀԿ-ն հրաժարվեց դիտորդներ ուղարկել ընտրություններին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են դիտորդների թիվը՝ վտանգի տակ դնելով ընտրությունների մոնիտորինգի արժանահավատությունը: Քվեարկության օրը նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ այս որոշումը կազմակերպության «լիազորությունների կոպիտ խախտում» որակեց:

Ի տարբերություն ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջան ընդամենը 28 անդամներից բաղկացած դիտորդական առաքելություն ուղարկեց, որտեղ, սակայն, բացակայում էին երկարաժամկետ դիտորդները: Չնայած ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը մի շարք «մանր լցոնումներ» էր նկատել որոշ ընտրատարածքներում, նոյեմբերի 2-ին տարածած իր հայտարարության մեջ նշել էր, որ «ընտրական գործընթացն անցել էր պատշաճ մակարդակով եւ ընդհանուր առմամբ համապատասխանում էր միջազգային չափանիշներին»:

Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի առաքելության անդամներից երեքը՝գերմանացի խորհրդարանականներ Ուտե Ֆինկ-Կռամերը, Ֆրանկ Շվաբեն եւ Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Մաքնամարան այլ կարծիքի էին:

«Քաղաքական ազատությունների, խոսքի, լրատվամիջոցների եւ հավաքների ու միավորումների ազատության տեսանկյունից՝ իրադրությունը երկրում ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար բավարար պայմաններ չի ապահովում», - նշվում է երեք դիտորդների տարածած առանձին հայտարարության մեջ:

Անկախ եւ ընդդիմադիր դիտորդները եւս բարձրաձայնել են ընտրությունների օրն իրենց նկատած խախտումների մասին:

«Մեր դիտորդ Մասուդ Ասկերի վրա հարձակվել էր Նարիմանովի ընտրական շրջանի թիվ 3 ընտրատարածքի (ընտրական) հանձնաժողովի անդամներից մեկը: Նրան վիրավորել էին ու բռնի ուժով դուրս արել ընտրատարածքից: Կատարվածն ամբողջությամբ նկարահանվել է տեսախցիկով», -նշում է «NIDA» շարժման մամուլի խոսնակ Իլգար Վալիեւը:

Մյուս անկախ դիտորդներին, ինչպես նաեւ «NIDA» շարժման եւ «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչներին, պարզապես թույլ չէին տվել մուտք գործել ընտրատարածքներ:    

Սոցիալական ցանցերում եւ անկախ լրատվամիջոցներում հայտնված մի տեսանյութում երեւում է, թե ինչպես էր նույն անձը մի քանի անգամ քվեարկել տարբեր ընտրատարածքներում:

Մայրաքաղաք Բաքվից 120 կիլոմետր հեռավորության գտնվող Շամախի քաղաքում քվեարկությունից մեկ օր առաջ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընտրակեղծիքների դեմ: Ոստիկանությունը բռնի ուժով ցրել էր ցուցարարներին, որոնց թվում էին նաեւ, ըստ սոցիալական ցանցերում տարածած տեղեկությունների, թեկնածուներ Վաֆալի Ֆաթուլլաեւը եւ Քահրաման Շահրիյարը: Շամախիում 5 մարդ էր ձերբակալվել, որոնց մի մասին ոստիկանությունը ծեծի էր ենթարկել, հետո ազատ արձակել:

Տեղական հասարակական կազմակերպություններից մեկը՝Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը (IDI), բարձրաձայնել էր «նախընտրական արշավի բոլոր փուլերում տեղի ունեցած խախտումների» մասին, ընդհուպ մինչեւ քվեարկության օրը, եւ կոչ էր արել անհապաղ ուսումնասիրել ստացված բողոքները ու պատժել մեղավորներին:

Քվեարկությունը եղել է «ոչ ազատ, ոչ արդար, ոչ ժողովրդավարական եւ ոչ թափանցիկ, - հայտարարել է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը, - ընտրություններն անցել են առանց մրցակցության… եւ չեն արտահայտել ադրբեջանական ժողովրդի իրական կամքը»:

IDI-ն նաեւ կոչ է արել դադարեցնել քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստների հետապնդումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Amnesty International» կազմակերպության համաձայն՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին խոսքի ազատությունը «տեւական եւ լուրջ ճնշումների» է ենթարկվել: Այսօր ադրբեջանական բանտերում առնվազն 20 քաղբանտարկյալներ կան, ովքեր հայտնվել են անազատության մեջ՝ իշխանություններին քննադատելու կամ նրանց մարտահրավեր նետելու համար:   

Միաժամանակ, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն իր ափսոսանքն է արտահայտել, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) չի մասնակցել ընտրությունների մոնիտորինգին:

«Առանց ԺՀՄԻԳ-ի մասնակցության մենք չենք կարող փաստել, որ Ադրբեջանում առաջընթաց է գրանցվել նախկին ընտրությունների ժամանակ ԺՀՄԻԳ-ի արված դիտողությունների կապակցությամբ: Մենք դեռեւս մտահոգված ենք Ադրբեջանում սահմանափակումներով լի քաղաքական մթնոլորտով եւ կոչ ենք անում երկրի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների, միավորումների ազատությունը եւ անկախ ձայները՝այդ թվում լրատվամիջոցներին», - հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Էլիզաբեթ Թրուդոն:

Երկրում տիրող  ավտորիտար համակարգի հիերարխիկ բնույթը ենթադրում է, որ խորհրդարանը եւ անգամ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը չնչին իշխանթյուն ունեն եւ գոյատեւում են հիմնականում նրա համար, որպեսզի հլու-հնազանդ հաստատեն նախագահ Ալիեւի ու նրա կամակատարների որոշումները: 

«Մուսավաթ» կուսակցության նախագահի խորհրդական Ազեր Իսմայիլը կարծում է՝ այն փաստը, որ խորհրդարանում 11 այլ կուսակցությունների նույնպես հաջողվել է տեղեր զբաղեցնել, դեռ որինչ չի նշանակում, քանի որ իրականում Միլլի Մեջլիսում միայն մեկ կուսակցություն է գերիշխում:

«Այս բոլոր փոքր կուսակցությունները իշխանամետ են: Նրանք գոյություն ունեն, որպեսզի խորհրդարանում եւ քաղաքական ասպարեզում ընդհանուր առմամբ բազմակուսակցականության տպավորություն ստեղծվի: Անգամ ենթադրաբար անկախ խորհրդարանակններն են կառավարամետ: Նրանցից շատերը վերընտրվել եւ ցույց են տվել իրենց իրական դեմքերը նախկինում», -նշում է Իսմայիլը:

 Աֆղան Մուխթարլին արտերկրում բնակվող լրագրող է՝ ծնունդով Ադրբեջանից:

 

Azerbaijan
Elections
Frontline Updates
Support local journalists