Աբխազիայի Գալիի շրջանի ամայությունն ու անբենզին Սուխումը ռուսական «Ռոսնեֆըին» սպասելիս

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած այցելությունն Աբխազիա Վրաստանի տեսանկյունից օրինական հնարավորություն էր ծանոթանալու այդ տարածաշրջանի իրականությանը, նաեւ իրազեկ դառնալու Աբխազիայում սպասվող նախագահական ընտրությունների հնարավոր մ

Աբխազիայի Գալիի շրջանի ամայությունն ու անբենզին Սուխումը ռուսական «Ռոսնեֆըին» սպասելիս

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած այցելությունն Աբխազիա Վրաստանի տեսանկյունից օրինական հնարավորություն էր ծանոթանալու այդ տարածաշրջանի իրականությանը, նաեւ իրազեկ դառնալու Աբխազիայում սպասվող նախագահական ընտրությունների հնարավոր մ

Wednesday, 14 October, 2009
IWPR

IWPR

Institute for War & Peace Reporting

, Հայաստանի, Հյուսիսային եւ Հարավային Օսիաների, Դաղստանի, նաեւ Աբխազիայի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախապատրաստված հանդիպումների ընթացքում մատուցված տեղեկատվությունը, նաեւ Աբխազիայի ներկայիս իրականությանն առնչվող մանրամասներՙ ականատեսի աչքերով

Գալիի եւ Զուգդիդի շրջանները միացնող Ինգուրին` «ջրբաժան»

Ինգուրի գետի կամրջով երթեւեկող տրանսպորտային եզակի փոխադրամիջոցը, որ չի պատկանում այդ կամրջով ազատ երթեւեկող միջազգային կազմակերպությունների մեքենաների թվին, բնավ էլ մեքենա չէ, այլ վրացի Սոկրատ պապի «Կուկլա» (թարգմանաբար` տիկնիկ) ձին` սայլով, որ շատ վառ երեւակայության դեպքում կարելի է փոխադրամիջոց անվանել: Խորհրդային Միության անձնագիր ունի Սոկրատ պապը, դրա համար էլ կարողանում է երկու կողմում «ընդունելություն» գտնել:

Վրաստանից Աբխազիա եւ հակառակը Ինգուրիի կամուրջը պետք է անցնել ոտքով` եղած-չեղածը ձեռքով տանելով: Բայց, որքան էլ տարօրինակ է, հակասությունների, յուրօրինակության ու բարդ հանգույց դարձած այս տարածքում էլ տնտեսական օրենքներով անհրաժեշտությունն ու պահանջմունքը առաջարկ են ծնել` Սոկրատ պապի ձիու սայլի տեսքով:

Խորհրդային Միությանՙ վաղուց դարն ապրած անձնագիր ունենալու գործնական նշանակությունն ակնհայտ է. աբխազական կամ վրացական անձնագիր ունեցող ամեն անձ չի կարող ազատորեն երթեւեկել Ինգուրիի կամրջով:

Ուստի 76-ամյա Սոկրատ պապի համար շատ էլ հարմար է սովետական անձնագրով ապրելը, չնայած ինքը, իր իսկ խոսքերով, Վրաստանի Զուգդիդի շրջանի բնակիչ է: Ինգուրին հիմնականում մեծահասակներն են անցնում, որոնց ձեռքին խորհրդային հին անձնագրերն են կամ անձնագրերին փոխարինող փաստաթղթային այլ ձեւեր:

15 տարի «Կուկլան» Սոկրատի հրամաններով «փոխադրումներ» է իրականացնում Ինգուրիի կամրջով Վրաստանից Աբխազիա ու հակառակը, բայց նրա հաճախորդներն այնքան էլ շատ չեն: Ու թեեւ Սոկրատը ուղեբեռի եւ մարդու համար վրացական մեկական լարի է վերցնում կամ ռուսական 20-ական ռուբլի, սակայն Գալիի շրջանի բնակիչները, որ այդ կամրջի անցուդարձի հիմնական մասնակիցներն են, այդ գումարն էլ չեն կարող վճարել` սոցիալական անմխիթար վիճակի պատճառով:

Կամուրջն այն ճանապարհն է, որն անցնելու համար Աբխազիայի վրացաբնակ Գալիի շրջանի բնակիչներն ու նրանց հարազատները փաստաթղթերի առումով, սակայն, առանձնակի խնդիրներ չեն ունենում, քանի որ այդպիսին է պայմանավորվածությունը: Սակայն մնացյալ բոլոր տեղերից այստեղ հայտնված մարդկանց համար բարդագույն խնդիր է անցնել Ինգուրի գետի կամուրջը, որի մի կողմում Վրաստանի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմում աբխազ սահմանապահները` ռուս սահմանապահների վրանային հարեւանությամբ ու ներգրավվածությամբ:

Աբխազիա որեւէ կերպ, բացի Գալիի շրջանից, անցնելու դեպքում ուզածդ երկրի քաղաքացի իր անձնագրում դրոշմ է ստանում, որի առկայությունը Վրաստանի տեսանկյունից համարվում է քրեական հանցագործություն եւ պատժելի է տուգանքի տեսքով կամ ազատազրկմամբ: Այդպիսի օրինակներն այնքան շատ են, որ փնտրտուքի առիթ չեն տալիս:

Խնդիրն այն է, որ Վրաստանը Աբխազիա մուտքը որեւէ այլ կերպ, քան իր տարածքով, համարում է պետական սահմանի խախտում: Եվ քանի որ անկախացած Աբխազիայի սահմանները չեն վերահսկվում վրացական իշխանության կողմից, Վրաստանը դրանց անցումը համարում է պետական սահմանի անօրինական անցում:

Ստացվում է, որ Վրաստանում հետագայում դատական գործընթացներից խուսափելու միակ ձեւը Աբխազիա հենց Վրաստանով ու երկկողմ թույլտվությամբ մուտքն է, որն էլ հասանելի չէ բոլորին:

Թբիլիսիից Սուխում տանող ճանապարհին ցուցանակների առատությունը բնավ էլ մտածել չի տալիս, թե Վրաստանից Աբխազիա անցնելու ճանապարհը յուրօրինակ սահման է` ոչ բաց դռներով:

Ճանապարհային ցուցանակներն ամենայն բարեխղճությամբ ու նախանձելի հաճախակիությամբ տեղեկացնում են, թե Թբիլիսիից Սուխում 450 կմ-անոց հատվածն հաղթահարված է այս կամ այն չափով, ու դրա համար դեպի արեւմուտք ճանապարհը անցնում է մի շարք վրացական խոշոր քաղաքներով` նախ Մցխեթա, հետո Խաշուր, Քութաիս, Զուգդիդ: Այդուհետեւ արդեն Աբխազիան է, որ սկսվում է Գալիի շրջանով, եւս երկու վարչական շրջան անցնելուց հետո Սուխումն է:

Թբիլիսիից մինչեւ Ինգուրի գետ ճանապարհը նորմալ երթեւեկելի է, իսկ արդեն աբխազական կողմում հենց ճանապարհից զգալի են պատերազմի հետեւանքները: Դրա համար էլ Ինգուրի գետից մինչեւ Սուխում մոտ 100 կմ ճանապարհը երկուսուկես ժամ է տեւում: 90-ականների սկզբի վրաց-աբխազական պատերազմից հետո, միջազգային կազմակերպությունների հաշվարկներով, մոտ 35.000 փախստական է վերադարձել վրացաբնակ Գալիի շրջան, սակայն այդ տարածքով անցնելիս դժվար է հավատալ անգամ այդ թվին, որն այլ գնահատումների դեպքում անցնում է 50.000-ը:

Ամեն դեպքում, Ինգուրիից այն կողմ` Գալիի եւ Օչամչիրի շրջաններում գյուղերը գրեթե ամայի են, հարուստ բուսականությունն ու առատ խոնավությունը «կուլ են տվել» ռազմական գործողություններից հետո այդպես էլ ավերակ մնացած շինությունները: Ճանապարհամերձ հատվածներում նկատելի են պատերազմի ընթացքում կառուցված նախկին բարիկադները, տների վրա երեւում են ռմբակոծությունների ու կրակոցների հետքերը:

Այս տարածքներում ոչինչ չի կառուցվում, չի նորոգվում, բացի, թերեւս, նոր հուշարձաններից, որ կանգնեցվել ու կանգնեցվում են` «հավերժացնելու վրաց-աբխազական պատերազմի Աբխազիայի հերոսների հիշատակը»:

Աբխազական ափերին չհասած տանկերն ու բենզինի դեֆիցիտը

Մինչեւ Սուխում հասնելը, Աբխազիայի Գալիի եւ Օչամչիրի շրջաններից հետո, ճանապարհը կարգավորվում է, սակայն պատերազմի ու լքյալ տների դեպքում` նաեւ ժամանակի, ավերածությունները դեռ նկատելի են: Սեպտեմբերի սկզբին զբոսաշրջիկների նկատելի առատությունը զգալ է տալիս Աբխազիայի զբոսաշրջային ռեսուրսների կամաց-կամաց գնահատելի դառնալու հեռանկարը, որ կարող է տպավորություն ստեղծել, թե այս տարածքում հակամարտության մասին խոսք լինել չի կարող:

Բայց պարտադիր չէ, որ կրակոցներ հնչեն հարաբերությունների «կռվի» պարագայում: Հակամարտությունը ռազմական բախումների մակարդակից անցել է մեկ այլ հարթություն: Սուխումում բենզինի այնպիսի հերթեր են, ինչպիսիք հայաստանցիները կհիշեն 90-ականների սկզբներից: Քաղաքի միայն մի քանի բենզալցակայաններ են վառելիք տրամադրում, այն էլ երկար հերթեր գոյացնելով: Իսկ բենզին չկա ոչ թե գնված չլինելու, այլ վրաց-աբխազական հակամարտության պատճառով:

«Բուկետ» տանկերը, որ Պանամայի դրոշի տակ շարժվում էր դեպի Աբխազիաՙ 2000 տոննա բենզինի եւ 700 տոննա դիզելային վառելիքի բեռով, օգոստոսի 17-ին ձերբակալվել էր Վրաստանի ծովային պահպանության ծառայության կողմից «Վրաստանի պետական սահմանի եւ օկուպացված տարածքներում ծովագնացության կանոնների բազմակի խախտումների» պատճառաբանությամբ:

Նավի անձնակազմը, որ բաղկացած էր 16 անձից` Թուրքիայի 12 քաղաքացի եւ 4-ը` Ադրբեջանի, ազատ էր արձակվել սեպտեմբերի 5-ին` յուրաքանչյուրը 1800 ԱՄՆ դոլար տուգանք վճարելու դիմաց: Նավապետ Մեհմեդ Օզթուրքին վրացական իշխանությունները օգոստոսի 31-ին դատապարտել էին 24 տարի ազատազրկման «Վրաստանի մաքսային կանոնների առավելապես մեծ չափերի խախտում կատարելու, նաեւ օկուպացված տարածքներ այլ երկրների քաղաքացիների մուտքի կանոնների խախտման մեղադրանքով»:

Դատարանի վճռով նավը բռնագրավվել էր` բեռի հետ: Ավելի ուշ վրացական իշխանությունները որոշեցին նավապետին ազատ արձակել 18 հզ ԱՄՆ դոլար տուգանք վճարելուց հետո: Նավապետի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, կորոշի Վրաստանի նախագահի ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը:

Բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, սակայն իրականությունը մեկն է: Ռուսական կողմն էլ աբխազականի հետ պնդում է, թե տանկերը ձերբակալվել է չեզոք ջրերում: Մինչդեռ իրականությունն այն է, որ Աբխազիան վառելիքի մեծ դեֆիցիտ է ապրում: Մյուս կողմից, տեղեկությունները, թե ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերությունը շուտով մուտք կգործի Աբխազիա, այս տարածքում ապրողների համար որոշակիորեն կայուն հեռանկար է բացում, վստահությամբ, որ բենզինի նման դեֆիցիտ Աբխազիայում չեն զգա:
Frontline Updates
Support local journalists