Institute for War and Peace Reporting | Giving Voice, Driving Change

Նավթահանքում բռնկված հրդեհը սրել է անվտանգության խնդիրն Ադրբեջանում

Իշխանություններն ուշացումով արձագանքեցին ստորջրյա նավթահորերից մեկի հարթակում ծագած հրդեհին, մինչ ուժեղ ալեկոծությունը խանգարում էր ընթացող փրկարարական աշխատանքներին:
By IWPR Caucasus

Կասպից ծովի նավթահորերից մեկի հարթակում ծագած հրդեհը, որի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, Ադրբեջանում բարձրացրել է պատասխանատվության արդիականության եւ անվտանգության չափանիշների խնդիրը:  

Դեկտեմբերի 11-ի դրությամբ, ըստ Trend լրատվական գործակալության մեջբերած պաշտոնական տվյալների, Գյունեշլի հանքավայրում հարթակում աշխատող 63 հոգանոց անձնակազմի 33 անդամները փրկվել էին, 7 հոգի զոհվել էին, եւս 23-ը մինչ օրս անհետ կորած են համարվում:

Հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 4-ին, երբ ծովում սկսված ուժեղ ալեկոծության պատճառով վթարվել էր ստորջրյա գազատարը: Ինչպես նշվում է SOCAR պետական նավթային ընկերության, արտակարդ իրավիճակների նախարարության եւ դատախազության համատեղ հայտարարության մեջ, չդադարող քամին ու մինչեւ տասը մետր բարձրության հասնող ալիքները թույլ չէին տալիս փրկարարական նավերին մոտենալ հարթակին:

Հարթակը, որը պատկանում է Գյունեշլի ծովեզրյա նավքահանքերի այս հատվածում գործող SOCAR պետական նավթային ընկերությանը, օգտագործվում էր նավթի եւ բնական գազի ստորջրյա պաշարների արդյունահանման համար: Ծովեզրյա նավթահորերի մյուս մասը միջազգային կոնսորցիումի անունից շահագործվում է Բրիտանական նավթային ընկերության՝ British Petroleum-ի կողմից:  

Ըստ պաշտոնական հայտարարության՝ վրա հասած սարսափելի փոթորիկի ժամանակ, հարթակին գտնվող նավթագործները, փորձելով փրկվել ծագած հրդեհից, նստել էին երկու փրկարարական մակույկները՝ պահելով դրանք ծովի մակերեւույթից տասը մետր բարձրության վրա: Սակայն ալիքների բարձրությունը թույլ չէր տվել մակույկները ջուրն իջեցնել եւ դատարկել դրանք:

Ուշ երեկոյան նավակներից մեկի կեռաձողը կոտրվել էր, ինչի հետեւանքով նավակը ծովն էր ընկել: Մակույկում գտնվող նավթագործներից երեքին փրկել էին հարթակի մոտակայքում գտվող նավերը, իսկ չորրորդի մարմինը դուրս էր բերվել ջրից: Երկրորդ նավակում գտնվողներին հաջողվել էր փրկել միայն հաջորդ օրվա առավոտյան: Ավելի ուշ ջրից եւս վեց մարմին էր դուրս բերվել, եւ դեկտեմբերի 12-ի դրությամբ փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Պատահարից անմիջապես հետո, SOCAR-ն ընդհանրապես հերքում էր զոհերի մասին տեղեկատվությունը, իսկ հաջորդ օրն ընկերությունը հայտարարել էր, որ հարթակում աշխատող անձնակազմի բոլոր անդամներին հաջողվել էր փրկել, պարզապես նրանք դեռ ափ չէին հասել: Միայն նույն օրը երեկոյան իշխանամետ լրատվական գործակալությունները հաղորդեցին զոհերի մասին:

Ի տարբերություն կառավարամետ ԶԼՄ-ների, Turan անկախ լրատվական գործակալությունը զոհերի մասին տեղեկություններ էր հայտնում արդեն դեկտեմբերի 4-ի երեկոյսն:

Երկար ժամանակ հաստատապես հայտնի չէր, թե քանի մարդ էր եղել հարթակի վրա: Տեղական ԶԼՄ-ներն իրարամերժ տեղեկատվություն էին տրամադրում: SOCAR-ի հաղորդած տվյալները նույնպես հակասական էին, եւ միայն դեկտեմբերի 6-ի գիշերն ընկերությունն իր պաշտոնական կայքում հրապարակեց անհետ կորածների ցանկը:

Իշխանություններն իրենց հերթին այնպիսի տպավորություն էին ստեղծել, թե փորձում են վերահսկել տեղեկատվական հոսքը: Լրագրողների մուտքը սահմանափակված էր այն հիվանդանոցում, որտեղ բուժում էին անցնում վիրավոր նավթագործները:

Փրկարարական ջոկատի անդամներից մեկը սոցիալական ցանցում նշել էր, որ որոնողական գործողության ընթացքում հեռախոսազանգեր էր ստացել մի շարք «կարեւոր անձանցից», ովքեր կարգադրել էին, թե ինչն էր թույլատրվում հաղորդել լրագրողներին, ինչը՝ ոչ:

Կարծիքներ կան, որ SOCAR- ի եւ իշխանամետ ԶԼՄ-ների գաղտնապահությունը զոհերի թվաքանակի մասին Ադրբեջանում խնդիրների առկայությունն ընդունելու եւ դրանք լուծելու առավել ընդհանուր դժկամության դրսեւորումն են: Նավթահանքում բռնկված հրդեհից եւ պաշտոնական արձագանքից հետո, սկսեցին զուգահեռներ տանել այս տարվա մարտին Բաքվի բազմաբնակարանային շենքերից մեկում ծագած հրդեհի հետ, որը 16 մարդու կյանք էր խլել: 

«Մեր երկրում ոչինչ հավուր պատշաճի չի սկսում աշխատել, մինչեւ զոհեր չեն լինում: Պետք է շենքը հիմնահատակ այրվի, որ հիշեն այդ մասին եւ լուծեն խնդիրը: Պետք է նավթահանքի հարթակն այրվի, որպեսզի պարզվի, որ այն վատ էր գործում: Ստացվում է՝ այս երկրում լուրջ խնդիրներ լուծել կարող է միայն մահը», - ասում է Վուգար անունով ներկայացած մի ընկերության տնօրեն:

Նավթագործ Ջոշքուն Քերիմովը համակարծիք է նրա հետ. «Այս երկրում անվտանգության մասին սկսում են մտածել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան է պատահում»:

Քերիմովը ժամանակին աշխատել է Գյունեշլի հանքավայրի թիվ 10 հարթակում, որտեղ էլ բռնկվել էր հրդեհը:

«Ես ընդամենը չորս ամիս եմ աշխատել թիվ 8 եւ 10 հորատման հարթակներում ու այդ ընթացքում վախենալու առիթ շատ եմ ունեցել: Մի անգամ հորաբերանի «եղեւնին» (հորատանցքի սարքավորման տեսակ) ընկավ ուղիղ ճաշից հետո աշխատանքի վերադարձող աշխատողների առջեւ: Եթե նրանք մի փոքր շուտ վերադարձած լինեին, եղեւնին 5-10 մարդ իր հետ կտաներ ջրի տակ: Կարճ ասած, այնտեղ անընդհատ մի բան էր պատահում կամ էլ ուր որ է՝ կպատահեր», - պատմում է նա:

Բաքվում գործող «Կասպյան բարել» նավթի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը նշում է, որ Գյունեշլի հանքավայրի թիվ 10 հարթակը, հավանաբար, կվերագործարկվի, չնայած հնարավոր է՝ հարթակի սարքավորումներն այլեւս  օգտագործման համար պիտանի չեն լինի:

«Խնդիրն անգամ սարքավորումները չեն, այլ աշխատողների առավել լավ պատրաստվածությունը, քանի որ նման վթարների ժամանակ մարդկային գործոնը մեծ դեր ունի: Արտասահմանյան ընկերությունները մեծ նշանակություն են տալիս մշտական, երբեմն՝ ամենշաբաթյա անվտանգության վերապատրաստմանը, - ասում է նա: