Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում

Թեհրանին բարդ խաղ է սպասվում, քանի որ ջանում է որևէ կողմի չպաշտպանել։ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ / ՊԽԼԻ

Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում

Թեհրանին բարդ խաղ է սպասվում, քանի որ ջանում է որևէ կողմի չպաշտպանել։ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ / ՊԽԼԻ

Monday, 12 October, 2020

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ կիսող Իրանը, որտեղ ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերի զգալի տոկոս են կազմում այս երկու երկրների ներկայացուցիչները, խիստ շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը չշարունակվի։ ՊԽԼԻ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժամունքի ծրագրերի տնօրեն Ալի Ռեզա Էշրաղին վերլուծում է, թե ինչպես է իսլամական հանրապետությունը փորձում բանակցային շրջահայաց ուղի գտնել պոտենցիալ մեծ վտանգ ներկայացնող իրավիճակում։


ՊԽԼԻ․ Ինչպե՞ս կնկարագրեք հայկական և ադրբեջանական էթնիկ կապերի փոխհարաբերակցությունն Իրանի ներսում։

Էշրաղի․ Իրանի վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ձևավորում են երեք հիմնական գործոններ՝ հասարակական կարծիքի և քաղաքականություն սահմանող տիրույթներում։

Մի կողմից, համեմատաբար բարեկեցիկ հայ փոքրամասնությունը բնակվում է Իրանի տարբեր քաղաքներում։ Մյուս կողմից, նշանակալի թվով էթնիկ ադրբեջանական բնակչությունը տեղաբաշխված է Իրանի հյուսիսարևմտյան չորս նահանգներում և մայրաքաղաքում։ Հայ փոքրամասնությունը քիչ ազդեցություն ունի Իրանի ներքաղաքական կյանքում։ Այստեղ նրանց քաղաքական գործողությունների ամենավառ դրսևորումն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա միջոցառումներն են։ Ադրբեջանցի օրենսդիրները, սակայն, երկկուսակցական հզոր խումբ ունեն Իրանի խորհրդարանում և այս հակամարտությունում բացահայտ աջակցում են Ադրբեջանին։ Բացի այդ, ադրբեջանական չորս նահանգներում գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ներկայացնող հոգևորականները, որոնք նաև ուրբաթօրյա աղոթքների առաջնորդ են և, դրանով իսկ, իրենց նահանգներում  պաշտոնական կրոնական բարձրագույն մարմին, հանդես են եկել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը պաշտպանող հայտարարությամբ։

Այնուամենայնիվ, իրանական հասարակության մի կարևոր մաս, որը կազմում են մտավորականները, քաղաքական գործիչները և նույնիսկ ընդդիմությունը, մտահոգ է այն տրամադրություններով, որ տիրում են Իրանի՝ սովորաբար պանթուրքիստական կամ անջատողական որակվող ադրբեջանաբնակ տեղավայրերում: Նրանք մտավախություն ունեն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ակտիվորեն քարոզել են այս տրամադրություններն Իրանում, և համարում են, որ դրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում իրանական ազգայնականությանը և ազգային միասնությանը։ Սա նշանակում է, որ նրանց համար ցանկալի չէ Ադրբեջանին կամ Թուրքիային հաղթանակած տեսնել այս հակամարտության արդյունքում։ Վերջին երկու շաբաթներում Իրանի ադրբեջանաբնակ քաղաքներում մի քանի ցույցեր են իրականացվել։ Ազգային անվտանգության ուժերը կալանավորել են տասնյակ ցուցարարների։ Մենք չգիտենք տեղի հասարակական կարծիքի վրա պանթուրքական ազդեցությունների մասին՝ գրաքննության և ճնշումների պատճառով։ Դժբախտաբար, Իրանի կառավարությունը և նույնիսկ ընդդիմությունը ներկայացնող շատ մտավորականներ նույնացնում են նրանց, ովքեր պարզապես պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները կամ տեղական մշակույթն ու լեզուն ռադիկալ պանթուրքական և անջատողական հայացքներ կրողների հետ։ Պետք է նաև նշել, որ ադրբեջանցի լինելը ոչ մի դեպքում չի նշանակում լինել պանթուրքիզմի հետևորդ։ Իրանաբնակ շատ ադրբեջանցիներ պարսկական ազգայնականության աննկուն ջատագովներ են եղել։

Կրոնական համատեքստն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանը շիա մեծամասնություն ունեցող մուսուլմանական երկրներ են, իսկ ըստ իսլամական կանոնների մուսուլմանական հողերը չպետք է զբաղեցված լինեն ոչ մուսուլմաններով։ Այնուամենայնիվ, վերջին երկու տասնամյակում, Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը մտահոգված է եղել քաղաքական իսլամի իրանական տարբերակի կործանարար ներուժով և, որպես պատասխան միջոց, հանդուրժել է սուննիզմի տարածումը, ըստ որոշ տվյալների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ։ Շիա հոգևորականությունը խորապես մտահոգ է ադրբեջանական ռեժիմի այս մոտեցմամբ։ Այս մտահոգություններն ավելի է սրում վերջին շրջանում լուրերում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան սիրիական արմատական սուննի խմբավորումներ է ուղարկել Ադրբեջան։ Ճակատագրի հեգնանքով՝ վաղ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Իրանը նույնպես նպաստել է հակամարտության գոտում աֆղան մոջահեդների (որոնցից շատերը սուննի էին) տեղակայմանը՝ հաջակցություն ադրբեջանական ուժերի։ Սակայն այն ժամանակից ի վեր շիա-սուննի տարանջատումը էականորեն փոխվել է։  

Հենց այստեղ մենք կարող ենք տեսնել, որ Իրանի խաղը հիմնված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռվածության իր ընկալման վրա։ Երբ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սառեցին և Ադրբեջանը մտերմացավ Իրանի հակառակորդների հետ, այնպիսիք, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելն ու նույնիսկ Սաուդյան Արաբիան, Իրանը սկսեց ամրացնել Հայաստանի հետ իր հարաբերությունները։   

Հնարավո՞ր են արդյոք ներքին տարաձայնություններ։

Շարունակական աշխույժ հանրային քննարկում է ընթանում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Իրանի դիրքորոշումը։ Խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները և Խամենեի ներկայացուցիչներն արտահայտվում են ի պաշտպանություն Ադրբեջանի, սակայն երկուսն էլ հավասարապես քննադատության են ենթարկվում քաղաքական այլ գործիչների և հանրային մտավորականության կողմից։ Հետազոտական կենտրոնները և մամուլը պարբերաբար լուսաբանում և տարբեր կարծիքներ ու ռազմավարական առաջարկներ են հրապարակում հակամարտության և դրանում Իրանի հնարավոր դերի մասին։

Սակայն այս հանրային քննարկումը չի նշանակում, որ Իրանի պաշտոնական քաղաքականությունը կփոխվի։ Իրանի այժմյան քաղաքականությունը չի տարբերվում 1990-ականների քաղաքականությունից։ Իրանը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղն իբրև ադրբեջանական տարածք, միևնույն ժամանակ նշելով, որ հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի, և պետք է հաշվի առնվեն այնտեղ բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Ի՞նչ կարող եք ասել ենթադրաբար Իրանի տարածքով Հայաստան տեղափոխվող զենքերի վերաբերյալ սոցիալական մեդիայում շրջանառվող տեսանյութերի մասին։

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական մամուլը հաղորդում է Իրանի տարածքով ռուսական զենքերի Հայաստան տեղափոխման մասին։ Իրանը հերքում է այս պնդումները՝ հավաստիացնելով, որ Հայաստանի քաղաքացիներին պատկանող բեռնատարները ոչ ռազմական ապրանք են տեղափոխել։ Տեսանյութերից որևէ մեկում տեսանելի չէ, թե հատկապես ինչ է տեղափոխվում։ Ադրբեջանական մամուլը նաև քննադատել է Իրանին Ռուսաստանի և Հայաստանի հետ «Կովկաս 2020» զորավարժություններին թույլ մասնակցության համար։ Սակայն նրանք անտեսում են այն փաստը, որ Ադրբեջանը հրավիրված էր, բայց, այնուամենայնիվ, որոշեց չմասնակցել։

Իրանը գերադասում է, որպեսզի կովկասյան տարածաշրջանում ուժի հավասարակշռվածության մեջ փոփոխություն չլինի։ Սակայն սա չի նշանակում, թե Իրանը չի կարողանա կանխազդիչ դիրքորոշում ընդունել Ադրբեջանի դեմ։ Եկեք չմոռանանք, որ 1990-ականներին պատերազմի ընթացքում Իրանն ավելի շատ Ադրբեջանին էր աջակցում՝ ապաստան տալով հազարավոր ադրբեջանցիների։ Իրանը միակ ճանապարհն է, որով Ադրբեջանը կարող է մուտք գործել իր տարածքի մի մաս՝ Նախիջևանի շրջան, ինչպես նաև տարանցիկ ուղի է դեպի Թուրքիա, և չնայած Ադրբեջանական ռեժիմի հետ տարիներ շարունակվող տարախորհությանը, Իրանը թույլ է տվել մարդկանց և ապրանքների տեղափոխումը։

Եթե հակամարտության մասին Ռուհանին բարձրաձայնի, կարո՞ղ է արդյոք դա խթանել Իրանի ավելի մեծ ներգրավվածությունը, և ինչ զարգացումներ կենթադրի։

Եթե անգամ ադրբեջանական ռեժիմի հակաիրանական հռետորաբանությունը սաստկանա, Իրանի քաղաքականությունը կլինի զերծ մնալ կողմերից որևէ մեկին բացահայտ և համակողմանի աջակցություն ցուցաբերելուց, քանի որ երկու երկրներն էլ Իրանի հարևաներն են։ Իրանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի Թեհրանը հետևանքներից չտուժի։ Մյուս կողմից, Իրանն անհանգստացած է, որ որքան երկար տևի պատերազմն, այնքան ավելի շատ տարածաշրջանային և միջազգային դերակատարներ կներգրավվեն հակամարտության գոտում։ Իրանը հատկապես մտահոգված է այն փաստով, որ Թուրքիան կարող է ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։      

Արժանահավա՞տ են արդյոք Իրանի կողմից խաղաղության ծրագրի մասին լուրերը։ Իրանի տարածքում ընկած ականանետային արկերը կարո՞ղ են հանգեցնել իրավիճակի սրման։

Իրանն ունի շուրջ 9,000 կմ ձգվող ցամաքային և ծովային սահմաններ, որոնցից ընդամենը 900 կմ-ն է (Թուրքմենստանի հետ սահմանը) հարաբերականորեն հանգիստ եղել վերջին  30 տարում։ Իրանի համար գերակայություն է հակամարտության ցանկացած սրացումից խուսափելը կամ դրանում ներքաշվելը։  

Նշենք, որ Իրանը Կովկասում միակ հարևան երկիրն է, որ դիվանագիտական հարաբերություններ ունի բոլոր երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Թուրքիան և Հայաստանը գրեթե երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել, իսկ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ ավելի քան մեկ տասնամյակ խզված են։

Ներկայումս Իրանը հետաքրքված է ակտիվ միջնորդի դեր ստանձնել, սակայն, մյուս կողմից, երկրի քաղաքական և դիվանագիտական ռեսուրսները սահմանափակ են, քանի որ դրանք գործարկվում են այլ ճակատներում, հատկապես՝ ԱՄՆ կառավարության հետ հակամարտության մեջ։ Մյուս կողմից՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն չեն ցանկանում Իրանին տեսնել առաջատար միջնորդի դերում: 1990-ակոններին Իրանն ակտիվ միջնորդի դերում էր հանդես գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը նույնիսկ հանգեցրեց կարճատև խաղաղության պայմանագրի։ Սակայն Թեհրանը հետագայում դուրս մնաց միջնորդական այլ գործընթացներից, հատկապես Մինսկի խմբից։ Իրանի համար հիմա օպտիմալ լուծում է այն, ինչ անվանում են 3+3 մեխանիզմ․ վերջինս ենթադրում է, որ որ տարածաշրջանային երեք տերությունները (Իրան, Ռուսաստան և Թուրքիա) ղեկավարում են կովկասյան երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) բանակցությունները:

Դոկտոր Ալի Ռեզա Էշրաղին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի ծրագրերի տնօրենն է և Հյուսիսային Կարոլինայի Միջին Արևելքի և իսլամական հետազոտությունների կենտրոնի հրավիրված գիտնական:

Frontline Updates
Support local journalists