Institute for War and Peace Reporting | Giving Voice, Driving Change

Ադրբեջանի գաղտնի ծառայությունում կադրային զտումներ են իրականացվել

Իրականացված միջոցառումները, սակայն, այլախոհության նկատմամբ առավել մեղմ քաղաքականություն կամ կոռուպցիայի դեմ պայքարի սկիզբ չեն ազդարարում:
By Afgan Mukhtarli
  • Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդով:(Լուսանկարը՝ «Azertaj» լրատվական գործակալություն):
    Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդով:(Լուսանկարը՝ «Azertaj» լրատվական գործակալություն):

Հոկտեմբերին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո, այս գերատեսչությունում ձերբակալությունների ալիք սկսվեց: Կալանավորվածների թվում այս պահին նաեւ նախարարության յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ կան:  

Վերլուծաբանների կարծիքով, սակայն, նախարարությունում տեղի ունեցած զտումները համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու միտում չունեն: Սա նաեւ չի նշանակում, որ իշխանությունները պատրաստվում են այսպիսով վերանայել ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների եւ անկախ լրագրողների նկատմամբ հալածանքների քաղաքականությունը, չնայած այն հանգամանքին, որ Ազգային անվտանգության նախարարությունը՝ Խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) իրավահաջորդը, այլախոհության ճնշման հիմնական գործիքն է: Փոխարենը, Ազգային անտանգության նախարարությանը (ԱԱՆ), կարծես, պարտվողների ճամբարում է հայտնվել Ադրբեջանի իշխող վերնախավում մրցակից կողմերի միջեւ իշխանության համար ընթացող պայքարում: 

Շատերի համար անակնկալ քայլով, 2004-ից Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մահմուդովը նախագահի հրամանի համաձայն` հեռացվեց աշխատանքից հոկտեմբերի 17-ին:

Մահմուդովի ձերբակալությունից անմիջապես հետո քննչական խումբ ստեղծվեց, որը սկսեց զբաղվել նախարարության շրջանակներում ավելի խոշոր խախտումների բացահայտմամբ: Հատկանշական է, որ քննչական խմբի անդամներն ընտրվել էին ոչ թե նախարարության կադրերից, այլ գլխավար դատախազության եւ նախագահի ու կարեւորագույն հաստատությունների ամվտանգությամբ զբաղվող էլիտար միավորման՝Պետական պաշտպանության հատուկ ծառայության աշխատակիցներից:

Դրանից հետո ձերբակալությունների նոր ալիք սկսվեց:

Նախարարության յոթ բարձրաստիճան սպաներ կալանքի տակ հայտնվեցին, ըստ գլխավոր դատախազության, իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, գործարար շրջանակաների գործունեությանը ապօրինաբար միջամտելու եւ առանձին անձանց իրավունքները խախտելու կասկածանքով: Նրանց թվում էին ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնի պետ Թեյմուր Գուլիեւը, Հակաահաբեկչական կենտրոնի պետի տեղակալ Իլգար Ալիեւը եւ անդրազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ֆիզուլի Ալիեւը: Պաշտոնյաները հիմնականում մեղադրվում են գործարարներից խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ:    

Այս քայլից հետո, ադրբեջանական գործարար օղակները սկսեցին բացեիբաց բողոքել ԱԱՆ աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ վերաբերմունքից:

Գործարարներից մեկը՝ Աֆսալ Հասանալիեւը «APA» լրատվական գործակալությանը պատմել էր, որ ապօրինաար բանտարկվել էր, մինչեւ ի վերջո ստիպված էր եղել 32 հազար մանաթի (մոտավորապես 35 հազար դոլար) չափով կաշառք վճարել:  

«Չորս ամիս, 29 օր շարունակ կալանքի տակ եմ եղել: Նրանք 100 հազար մանաթ էին պահանջում: Իմ փաստաբանը վկա էր այդ ամենին: Ես ասացի, որ նման գումար չունեմ», - ասում է Հասանալիեւը:

Գործարարը պատմել է, թե ինչպես էին նախարարության աշխատակիցներն ամեն օր այցելում նրան բանտում՝ իրենց պահանջները առաջ տանելու համար, եւ ինչպես էր նրա ընտանիքը ստիպված եղել բնակարանը գրավ դնել բանկում 32 հազար մանաթի դիմաց, որը եւ հանձնել էին ԱԱՆ-ի աշխատակիցներին:

«Հիմա ես անկարող եմ վճարել այդ գումարը եւ ապրում եմ չքավորի պես»,- ասում է Հասանալիեւը:

Եվս մեկ գործարար՝ Մաքսուդ Մահմուդովը, պատմել էր ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթին, որ իրեն նույնպես բանտարկել էր ԱԱՆ-ը՝ բաց թողնելով միայն այն ժամանակ, երբ 120 հազար մանաթի կաշառք էր վճարել Հակաահաբեկչական կենտրոնի պետի տեղակալ Իլգար Ալիեւին, ով ներկայում կալանքի տակ է:  

Նոյեմբերի 10-ին ազդեցիկ քաղաքական դեմքերից եւս մեկը՝ ԱԱՆ Էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտի անվտանգության վարչության պետ Ակիֆ Չովդարովը նույնպես աշխատանքից ազատվեց ու կալանքի տակ հայտնվեց:    

Ձերբակալվածների ցանկն ընդլայնվեց նոյեմբերի 12-ին, երբ նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով պաշտոնանկ արվեց Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, ով, ինչպես հայտնի էր, ԱԱՆ հետ սերտ կապեր ուներ:

«Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փաստացիորեն վերածվել էր ԱԱՆ հրահանգները կատարող վարչության: Ահա թե ինչու նախագահն աշխատանքից ազատեց նախարարին», -հայտարարել էր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն «Sputnik.az» լրատվական գործակալության հետ հարցազրույցում: 

Քաղաքական զտումների թիրախում հայտնվեցին նաեւ արդեն նախկին ԱԱՆ նախարար Մահմուդովի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաները: Նրանցից մեկը Հարկային նախարարության հարկային իրավախախտումների բաժնի պետ Վիդադի Մամեդովն է:

Բաքվի հեռախոսային ցանցի պետ Բեյթուլլահ Հուսեյնովը՝Մահմուդովի բարեկամներից մեկը, նույն ճակատագրին արժանացավ: Ինչպես տեղեկացնում է «Trend» լրատվական գործակալությունը, ձերբակալությունից հետո Հուսեյնովին յուրացումների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ անփութություն մեղադրանք է առաջադրվել: 

Ինչ վերաբերում է Մահմուդովին, ապա նա, կարծես, անդառնալիորեն զրկվել է երկրի բարձրաստիճան ղեկավարության շնորհներից: Ինչպես հայտ

նում է իրավապաշտպան ակտիվիստ Հաքիմելդոստու Մեհդիեւը Նախիջեւանից, ԱԱՆ ղեկավարի հոր՝ անվանի տնտեսագետ Ահմեդ Մահմուդովի կիսանդրին արդեն իսկ ապամոնտաժվել է, իսկ նրա անունը կրող դպրոցը՝ վերանվանվել:  

ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ, ՔԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 IWPR-ի հետ զրուցած փորձագետների կարծիքով՝ ներկայիս անկայուն վիճակն արտացոլում է քաղաքական էլիտայի հզոր խմբավորումների միջեւ սկսված պայքարը եւ ամենեւին էլ թելադրված չէ պետական հաստատությունները կոռուպցիայից մաքրելու անակնկալ որոշմամբ: 

«Այս կառավարության շրջանակներում ոչ ոք պաշտոնանկ չի արվում կամ ձերբակալվում ապօրինի գործողությունների համար, քանի որ համակարգի ողջ գործունեությունը հիմնված է ապօրինության վրա», - վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին: 

Իր կուսակցական թերթին՝ «Ենի Մուսավաթին» տրված հարցազրույցում, Հաջիլին նշում է, որ երկու նախարարներն առանց այլեւայլությունների հեռացվեցին աշխատանքից, քանի որ Ադրբեջանի ղեկավարութունը կորցրել էր վստահությունը նրանց՝ նախկինում անսասան հավատարմության նկատմամբ: 

Մահմուդովը, մասնավորապես, կարեւոր դերակատարում ուներ որպես կառավարական կառույցի ղեկավար, որը պատասխանատու էր ընդդիմության ներկայացուցիչների վերահսկողության եւ հետապնդումների համար:

«Այս երկու նախարարների պաշտոնանկության դրական կողմն այն է, որ իշխանության ղեկին գտնվող պաշտոնյաները հասկացել են, որ իրենց էլ է նույն բանը սպասվում», - հավելում է Հաջիլին:

Մարդու իրավունքների եւ բնության պաշտպանությամբ զբաղվող «Քուռ» ՀԿ-ի նախագահ Օգտայ Գուլալիեւի կանխատեսմամբ՝պաշտոնանկությունների ու ձերբակալությունների ալիքի զոհերի թիվը դեռ ավելանալու է: 

«Վաղուց հայտնի էր, որ Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ողջ նախարարությունը ԱԱՆ ձեռքի տակ էր: Նախարարությունների միջեւ միշտ էլ եղել են խմբավորումներ, որոնք ազդեցության տարբեր ոլորտներ ունեին: Երկար ժամանակ սա, ինչ-ինչ պատճառներով, ամենեւին էլ ոչ ոքի չէր անհանգստացնում, իսկ հիմա նման զարգացումներ են տեղի ունենում: Այս ամենը խոսում է իշխանական կլանների միջեւ աճող լարվածության մասին: Այս խժդժությունները նախկինում աննկատ էին, որովհետեւ մնում էին նրանց ներքին փոխհարաբերությունների շրջանակներում, սակայն այժմ ամեն ինչ բացահայտ կերպով երեւում է», - ասում է Գուլալիեւը:

Եթե Մահմուդովի եւ մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները հիմնականում կապված են գործարարներից կաշառք վերցնելու հետ, ապա ԱԱՆ մի շարք բարձրաստիճան սպաների անուններ են շրջանառվում նաեւ իրավապաշտպանների եւ այլ անձանց նկատմամբ հարձակումների եւ վատ վարմունքի բազմաթիվ դեպքերում:

Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանի կառավարությունը ստիպված էր 28,000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել լրագրող Ագիլ Խալիլին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանը խախտել էր լրագրողի իրավունքները, քանի որ պարզել էր, որ ԱԱՆ աշխատակիցները ծեծել էին լրագրողին, երբ վերջինս ռեպորտաժ էր պատրաստում հողատարածքի չարաշահման դեպքի մասին: Հետագայում անհայտ անձինք դանակահարել էին լրագրողին կրծքավանդակի շրջանում: ԱԱՆ աշխատակիցների հարձակման դեպքը քննելու ընաթացքում, քննիչները խոշտանգել էին Խալիլին ու ստիպել նրան հայտարարել, թե դանակահարողն իր «սիրեկանն» է եղել, որին, ինչպես պարզվեց, լրագրողը երբեք չէր հանդիպել, իսկ հարաբերությունների մասին խոսք անգամ գնալ չէր կարող:

Այժմ, երբ Ազգային անվտանգության նախարարության նկատմամբ բացահայտ որս է սկսվել, անգամ իշխանամետ քաղաքական դեմքերն են խոստովանում, որ Ադրբեջանի գաղտնի ծառայությունը շեղվել էր ճիշտ ճանապարհից:

Իշխանամետ «Անա Վաթան» կուսակցության ներկայացուցիչ Զահիդ Օրուջը, օրինակ, Moderin.az լրատվական կայքի հետ զրույցում նշել էր, որ ԱԱՆ նման հաստատությունը, որը պետք է մասնագիտական ամենաբարձր չափանիշներն ունենա եւ պաշտպանի երկիրը խոշոր արտաքին սպառնալիքներից, «իջեցրել է իր մակարդակը՝ վերածվելով թմրադեղերի դեմ պայքարող կառույցի»:

Ընդդիմադիր «NIDA» շարժման խոսնակ Իլգար Վալիեւի խոսքով՝ Մահմուդովը գաղտնի ծառայության բազմաթիվ աշխատակիցների փոխարինել էր իր նախկին աշխատավայրի՝ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներով՝ ոստիկաններով:

Մահմուդովի փոխարեն ԱԱՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող հաջորդ պաշտոնյան կարող է ավելի խճճել իրավիճակը:Մահմուդովին աշխատանքից ազատելուց մի քանի օր անց, նախագահ Ալիեւը Ազգային անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Մադաթ Գուլիեւին: Վերջինս եղել էԱդրբեջանի  քրեակատարողական ծառայության ղեկավարը եւ արդարադատության փոխնախարարը:

«Իր նախորդ պաշտոնում Մադաթ Գուլիեւը հայտնի էր որպես երկաթե բռունցք ունեցող ղեկավար: Նրա օրոք, քրեակատարողական հիմնարկներում խորհրդավոր մահվան դեպքերի թիվն աճեց, իսկ քաղբանտարկյալներին ճնշելու տարբեր մեթոդներ սկսեցին կիրառվել: Հաշվի առնելով նրա անցյալը՝ կարծում եմ, որ այս փոփոխություններն ԱԱՆ մասնագիտական մակարդակի վրա ավելի վատ ազդեցություն կունենան», - ասում է Վալիեւը:

Աֆղան Մուխթարլին արտերկրում բնակվող լրագրող է՝ ծնունդով Ադրբեջանից: