Վրաստանի բնակչությունը կրճատվում է

Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի արդյունքներով՝ երկրի բնակչության զգալի մասը կրճատվել է`այդպես էլ չավելանալով նախորդ հետազոտության թերի տվյալների համեմատությամբ:

Վրաստանի բնակչությունը կրճատվում է

Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի արդյունքներով՝ երկրի բնակչության զգալի մասը կրճատվել է`այդպես էլ չավելանալով նախորդ հետազոտության թերի տվյալների համեմատությամբ:

Georgians are thinner on the ground than anyone thought. (Photo: Regina Jegorova-Askerova)
Georgians are thinner on the ground than anyone thought. (Photo: Regina Jegorova-Askerova)
Thursday, 19 November, 2015

Այս տարի՝ավելի քան մեկ տասնամյակ տեւած դադարից հետո,Վրաստանում տեղի ունեցած առաջին մարդահամարի նախնական արդյունքներն իրականության ցնցող պատկերն են ներկայացնում: Ըստ ուսումնասիրության՝ անցյալ տարվա դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմում էր ընդամենը 3,7 միլիոն մարդ, ինչը շուրջ 800 000-ով պակաս է նախկին պաշտոնական ցուցանիշից:

2014 թվականի մարդահամարի ժամանակ, Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի (Գեոստատը) կայքի տվյալներով՝ երկրի բնակչության թիվը հասնում էր մոտ 4,5 միլիոնի՝մի փոքր ավելի, քան 2002թ. մարդահամարի ժամանակ գրանցված 4,37 միլիոնի հասնող ցուցանիշը: Նոր տվյալների համաձայն՝ 2002 թվականից ի վեր Վրաստանի բնակչության մակարդակը կրճատվել է 15 տոսկոսով:

Բնակչության թվաքանակի անկումը նոր երեւույթ չէ Վրաստանում:

Երկրի բնակչության կայուն աճ էր գրանցվում Խորհրդային տարիներին՝ հասնելով 5,4 միլիոնի 1989 թվականին՝ԽՍՀՄ ժամանակաշրջանում կատարված վերջին մարդահամարի ժամանակ:

Անկախության հռչակումից հետո, ազգային փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչները՝ռուսները, հույները, հայերն ու հատկապես հրեաները լքեցին Վրաստանը: Քաղաքացիական պատերազմը, անջատողական Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի ունեցած հակամարտությունները եւ ընդհանուր ծանր տնտեսական վիճակն ավելի նպաստեցին այս միտման խորացմանը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ անկախության հռչակումից մինչեւ 2002 թվականը Վրաստանը կորցրել է մեկ միլիոնից ավելի մարդ՝իր բնակչության մոտ 20 տոկոսը:

Փորձագետներից շատերը, սակայն, վիճարկում են պաշտոնական տվյալները:

Չնայած Հարավային Օսիան եւ Աբխազիան միջազգայնորեն Վրաստանի տարածքի մասն են համարվում, Թբիլիսին կորցրեց երկու տարածքների նկատմամբ վերահսկողությունը դեռեւս 90-ականների սկզբին տեղի ունեցած անջատողական հակամարտությունների ընթացքում: 2002-ի մարդահամարի հաշվարկներում պետք է ընդգրկվեին նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակչությունը, սակայն տվյալների հավաքագրումն իրականացնող պաշտոնյաների մուտքը սահմանափակված էր այդ ժամանակ: Սա էր պատճառը, որ լիարժեք մարդահամար անցկացնելու փոխարեն, Գեոստատը ստիպված եղավ հիմնվել այն ժամանակ Վրաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերում կատարված հաշվարկների վրա:

ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժինը, որը վիճակագրական տվյալներ է հրապարում ամբողջ աշխարհում, հիմնվելով այս տվյալների վրա, եկել էր այն եզրակացության, որ սա հանգեցրել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչության թերի հաշվարկին, եւ մեծացրել էր իր ցուցանիշները՝պակասը լրացնելու համար: Ի Վերջո, կազմակերպության հաշվարկներով, Վրաստանի բնակչությունը 2002-ին կազմում էր 4,65 միլիոն մարդ՝գրեքե 300 000-ով ավելի, քան Գեոստատի հրապարակած տվյալները:

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված տվյալների անճշգրտությունը 2002 թվականի մարդահամարի հետ կապված միակ խնդիրը չէր: Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Պաատա Շավիշվիլիի խոսքով՝ հավանական է, որ շատերն իրենց ընտանիքի այն անդամներին են նշել որպես Վրաստանի բնակիչներ, ովքեր իրականում արտասահմանում են: Չնայած նրան, որ մարդահամարի ժամանակ արտագաղթողների վերաբերյալ հատուկ հարցաթերթիկներ են օգտագործվել, այս հարցի հետ կապված ոչ բոլոր տվյալներն են արձանագրվել հաշվարկի ընթացքում:  

Ի տարբերություն ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի, հայտնի վրացի ժողովրդագիր Գեորգի Ցուլաձեն 2002-ի մարդահամարի տվյալներից ցածր ցուցանիշով էր գնահատել բնակչության քանակը՝այդպիսով հաշվի առնելով չհաշվառված արտագաղթողների թիվը: Ցուլաձեի գնահատմամբ՝ 2002-ին Վրաստանում ընդամենը չորս միլիոն մարդ էր բնակվում:

Այսպիսով, երեք հաշվարկների միջեւ տարբերությունը մարդկանց թվաքանակի տեսանկյունից հասնում է 650,000-ի:

2002 թվականից ի վեր, բնակչության քանակի հետ կապված տվյալները նույնպես տարբեր են: Նախքան 2014-ի մարդահամարի նախնական արդյունքները կհրապարակվեին այս տարվա ապրիլին, հաշվարկները տատանվում էին Ցուլաձեի նշած 3,77 միլիոնից (այս ցուցանիշն ամենից շատ է մոտ նոր մարդահամարի տվյալներին), մինչեւ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության համաշխարհային տեղեկատուի ցուցանիշը, որը հասնում էր 4,9 միլիոնի: 

Այս գնահատականները հիմնվում են ծնելիության եւ մահվան, ինչպես նաեւ միգրացիայի ցուցանիշների վրա, որոնք բոլորն էլ լայնորեն ճանաչված են որպես ոչ ճշգրիտ տվյալներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Վրաստանում 1990-2010 թվականների ընթացքում ծնունդների քաղաքացիական գրանցման ընթացակարգերում զգալի բացեր է արձանագրել:

Արտագաղթի հետ կապված տվյալները նույնպես անհուսալի են: Ինչպես նշում է Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի փորձագետ Շորենա Ցիկլաուրին, «բոլոր սահմանը հատողներին մենք դիտարկել ենք որպես միգրանտներ, իսկ դա ճիշտ չէ»:

Չնայած նշանակալի տարբերություններին, Գեոստատի, ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի եւ Ցուլաձեի հաշվարկները մեկ ընդհանրություն ունեն՝բոլոր երեքն էլ Վրաստանի բնակչության մակարդակի որոշակի անկում են արձանագրել 2002 թվականի մարդահամարից ի վեր:

Արդյո՞ք սա է ողջ խնդիրը: 

Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի գիտաշխատող Նինո Դողոնաձեն, ով մասնակցել է ՄԱԿ-ի կողմից 2014 թվականին Վրաստանի բնակչության հաշվարկներին, պարզաբանում է, որ չնայած ավանդաբար համարվում է, որ բնակչության աճը լավ է տնտեսության համար, այս տեսակետը ոչ բոլոր տնտեսագետների ու ժողովրդագիրների համար է ընդունելի: Մոտեցման հակառակորդները, նշում են, որ տնտեսությունը շահում է բնակչության աճից միայն այն դեպքում, եթե աճում է նաեւ աշխատող մարդկանց քանակը:

«Կարեւորը ոչ թե մարդկանց քանակն է, այլ բարձրորակ մասնագետների քանակը», - ասում է Դողոնաձեն: 

2011 թվականին Բնակչության եւ զարգացման վերլուծության մեջ տեղ գտած հոդվածի համաձայն՝ պարտադիր չէ, որպեսզի բնակչության կրճատման միտումը բացասաբար ազդի մարդկանց անհատական կենսամակարդակի վրա: 

Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանությունները փորձում են պայքարել բնակչության կրճատման դեմ՝քաջալերելով ծնելիության աճը: Հենց այս նպատակով է «Վրացական երազանք» կուսակցության կազմած կոալիցիոն կառավարությունը երկարաձգել երեխայի խնամքի վճարովի եւ անվճար արձակուրդները, ինչպես նաեւ ավելի գրավիչ ֆինանսական խթաններ է սկսել կիրառել մասնավորապես երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար:

Երկրում մեծ ժողովրդականություն վայելող Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքը նույնպես իր ներդրումն ունեցավ ծնելիության աճի քաջալերման գործընթացում, երբ 2007-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ կնքել ընտանիքներում ծնվող յուրաքանչյուր երրորդ երեխային: Հաջորդ տարի Վրաստանում ծնունդների երկնիշ տոկոսային աճ գրանցվեց, ինչը, ժողովրդագիրների համոզմամբ, առնվազն մասամբ եկեղեցու նախաձեռնության արդյունքն էր:

Դողոնաձեն, սակայն, այն կարծիքին է, որ իրականում առավել մեծ կարեւորություն պետք է տալ այսպես կոչված «կախվածության գործակիցներին»՝բնակչության 15-ից ցածր եւ 65-ից բարձր տարիք ունեցող ներկայացուցիչների թվաքանակին, ովքեր անաշխատունակ են համարվում եւ կախվածության մեջ են գտնվում մյուսներից:

«Ծնելիության աճին նպաստելով՝ այս [կախվածության] բեռը չի կրճատվի: Իրականում, ճիշտ հակառակն է տեղի ունենում: Ծնելիության աճը մեծացնում է այս բեռը», - ասում է փորձագետը:

 Քանի որ բնակչության թվաքանակի հետ կապված խիստ տարբեր գնահատականներ են հնչում, ցածր ծնելիության մասին հստակ տվյալներ նույնպես չկան: 

Համաշխարհային բանկի հաշվարկներով՝ Վրաստանում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով  կազմում է 1.8 երեխա, ինչը զգալիորեն ցածր է, քան 2.1-ը. սա է երեխաների միջին թիվը, որ պետք է զարգացած երկրներում կանայք ունենան, որպեսզի բնակչության թվաքանակը վերականգնվի: Սակայն ծնելիության այս ցուցանիշները զգալիորեն փոխվում են, երբ ճշգրտվում են բնակչության թվաքանակի հետ կապված տվյալները:  Ցուլաձեն, օրինակ, գնահատում է, որ Վրաստանում իրական ծնելիության ցուցանիշը կազմում է 2.3 երեխա՝ մեկ կնոջ հաշվով, ինչը շատ ավելի բարձր է վերը նշված բնակչության վերականգնման ցուցանիշից:

Փորձագետներ Ցիկլաուրին եւ Շավիշվիլին համակարծիք են, որ բնակչության թվի անկման հիմնական պատճառը ոչ թե ծնելիության կամ մահացության հարաբերակցությունն է, այլ արտագաղթը:

Նրանց խոսքով՝ 2012 թվականին արտագաղթի ավելի ճշգրիտ հաշվարկման նոր մեթոդաբանություն է հաստատվել: Ներկայում, սահմանը հատելիս հավաքագրվող տեղեկությունները թույլ են տալիս իմանալ, թե որքան ժամանակով են քաղաքացիները Վրաստանի ներսում կամ նրա սահմաններից դուրս գտնվում՝ նրանց միգրացիոն կարգավիճակը որոշելու համար: Այսպես, 6 ամսից ավելի երկրից բացակայող անձինք միգրանտներ են համարվում:

Չնայած 2014 թվականի մարդահամարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները բացակայում են, ենթադրվում է, որ այն Վրաստանի ժողովրդագրական իրադրության թերեւս ամենաճշգրիտ պատկերն է ներկայացնում:

Այնուամենայնիվ, հստակ պատմական տվյալների բացակայության պայմաններում, որոնց հետ պետք է համեմատել նոր արդյունքները, անհնար է հաստատապես իմանալ՝արդյոք Վրաստանի բնակչության թիվը շարունակում է անկում ապրել, եւ եթե այո, ապա ինչ արագությամբ:

Մարդահամարի վերջնական արդյունքները կհրապարակվեն ոչ ուշ, քան 2016 թվականի ապրիլին:

Հեզեր Յունդը IWPR-ի դասընթացավար եւ մուլտիմեդիա լրագրող է Վրաստանում:

 

 

Georgia
Life
Frontline Updates
Support local journalists