Skip to main content

Հարկային թիրախներ. Կառավարությունը պայքարում է ստվերային տնտեսության դեմ, սակայն փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, որ ամենից շատ իրենք են տուժում

Կառավարության ընդունած եռամյա ծրագրով նախատեսվում է պայքարել ստվերային տնտեսության դեմ և այս տարի հավաքել 80 միլիարդ դրամով ($232 մլն) ավելի հարկ, քան անցյալ տարի:

Հարկային թիրախներ. Կառավարությունը պայքարում է ստվերային տնտեսության դեմ, սակայն փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, որ ամենից շատ իրենք են տուժում

Կառավարության ընդունած եռամյա ծրագրով նախատեսվում է պայքարել ստվերային տնտեսության դեմ և այս տարի հավաքել 80 միլիարդ դրամով ($232 մլն) ավելի հարկ, քան անցյալ տարի:

Սակայն առայժմ փոքր բիզնեսի ներկյացուցիչները բողոքում են, որ թիրախ են դարձել իրենք և ոչ թե ստվերային տնտեսության մեջ գործող օլիգարխները:
Տոնավաճառներում աշխատող առևտրականներին մինչև սեպտեմբեր ժամանակ է տրվել գրանցվել և մտնել հարկային դաշտ, իսկ դա, նրանց պնդմամբ, նշանակում է, որ հարկվելու են կրկնակի, քանի որ վճարում են նաև տոնավաճառի տեղի վարձ:
Երևանի ամենամեծ` Մալաթիայի տոնավաճառում 7 քմ-ի ամսական վարձը 200.000 դրամ է ($600), իսկ «Հրազդան» տոնավաճառում` 15 քմ-ի համար`286.000 դրամ ($800), 18 քմ-ի համար` 352.000 դրամ ($1000):
«Մենք առանց այն էլ տեղի համար այդքան վարձ ենք վճարում, բայց տոնավաճառի սեփականատերը, որը պատգամավոր է և լավ կապեր ունի հարկայինի հետ, ինքն էլ մեզ նման հաստատագրված հարկ է մուծում` 1800 դրամ քառակուսի մետրի համար, երբ մեզնից մեկ քառակուսու համար գանձում է 10 անգամ ավելի: Թող նախ նրան դուրս բերեն ստվերից, ոչ մեզ»,- ասում է 5 հոգանոց ընտանիքի հայր Սեդրակ Մինասյանը, ով թողել է իր բիզնեսը ոչ ձեռնտու դառնալու պատճառով:
Մալաթիայի տոնավաճառի սեփականատեր «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Սարգսյանն ասում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 100 վաճառող թողել է գործը, քանի որ ձեռնտու չէ վճարել և տեղի վարձը, և հարկերը:
Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասում է, որ իրենք իրավասու չեն տոնավաճառի սեփականատերերից պահանջելու տեղի վարձը իջեցնել, քանի որ, ի տարբերություն վաճառողների, նրանք վճարում են հարկ:
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը հակադարձում է` ասելով, որ շուկայատերերը 10-15 անգամ պակաս են հարկ վճարում, քան պետք է վճարեն:
«Չկա հարկային քաղաքականություն, այլ կա հարկահավաքություն: Փոխանակ հնարավորություն տան, որ մարդն իր միջոցներով իր գլուխը պահի, այնպես են անում, որ գործազուրկ դառնա ու համալրի նպաստառուների հսկայական բանակը, այսինքն` հարկերի հաշվին ապրի`դառնա հարկ սպառող, ոչ թե տվող»,- ասում է Աղաջանովը:
Մալաթիայի տոնավաճառում իր փոքրիկ բիզնեսով ընտանիք պահող Մարիետա Սիմոնյանն ասում է, որ հարկ կվճարեն, բայց եթե դա արդար լինի, և բոլորը հավասար հարկվեն. «Դա մեր երկրում անհնար է, համ պետք է հարկ տաս, համ էլ փող տաս հարկայինին, որ ամեն փոքր բանի համար տուգանք չգրի»:
Ալավերդյանն ասում է, որ նոր ծրագրով նախատեսվում է բյուջետային եկամուտներն ավելացնել ոչ թե հարկերը բարձրացնելով, այլ վարչարարությունը բարելավելով, իսկ ստվերային տնտեսությունից ազատվելով` Հայաստանի բյուջեն կկրկնապատկվի:
Հարկային դաշտի բարելավման առաջին նշանները երևան եկան անցյալ տարի, երբ հրապարակվեց 1000 խոշոր հարկատուների ցուցակը, որից ակնհայտ դարձավ, որ շատ օլիգարխներ այնքան չեն վճարում, որքան պետք է վճարեն:
Օրինակ`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծահարուստ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը, ըստ տեղական մի ամսագրի տվյալների` գլխավորում է Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակը, հարկատուների ցուցակում միայն 84-րդն է:
Հայաստանում գործող ցեմենտի 2 գործարանները` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» և Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկացեմենտը», անցյալ տարվա առաջին կեսին վճարել են 517 մլն դրամ (մոտ $1,5 մլն) հարկ, որից 320 միլիոնն ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ):
Բայց պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ-ում արտադրված և սպառված ցեմենտից ԱԱՀ-ն պետք է կազմեր շուրջ 1,2-1,3 մլրդ դրամ, այսինքն` վճարվել է մոտ 4 անգամ պակաս հարկ:
Բուհերը, որոնք ազատված են հիմնական հարկատեսակից՝ ավելացված արժեքի հարկից, ցուցակում ավելի բարձր տեղեր են զբաղեցնում, քան ներկրող, արտադրող, արտահանող ընկերությունները, հյուրանոցները, տոնավաճառներն ու սպասարկման օբյեկտները: Օրինակ` ամենաբարձր տեղավարձ ունեցող «Հրազդան» տոնավաճառն իր վճարած հարկերով զիջում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին:
Ալավերդյանի հավաստմամբ` երկրի հարկային մուտքերի 80 տոկոսը վճարում են խոշորագույն հարկատուները, սակայն նրանց վճարած հարկերի միայն երեք տոկոսն են կազմում եկամտահարկն ու շահութահարկը, մնացած 97 տոկոսը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարն է, որը գանձվում է սպառողից:
«Մեր երկրում ամենաշատ հարկ վճարում են շարքային քաղաքացիները, այնինչ հարևան երկրներում շահութահարկն ու եկամտահարկն են կազմում հարկերի հիմնական տոկոսը: Իրականում բյուջեն լցնում է միջին և փոքր բիզնեսը, քանի որ հարկայինը չի կարող անգամ մոտենալ օլիգարխների գործարաններին, ուր մնաց ստիպի նորմալ շահութահարկ տալ»,- ասում է տնտեսագետ Արման Մարտիրոսյանը:
Ըստ Աղաջանովի` հայաստանյան հարկային դաշտը մեկ այլ տարօրինակություն ևս ունի: «Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որի հարկային մուտքերը կազմում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 13,4 տոկոսը: ԱՊՀ մյուս երկրներում դա գոնե 25-30 տոկոս է կազմում: ՀՆԱ-ի և հարկերի նման հարաբերակցությունը վկայում է, որ Հայաստանում տնտեսության առնվազն 60 տոկոսը գտնվում է ստվերում»,- ասում է նա:
Ըստ նրա` հարկային քաղաքականության ֆունկցիաներից Հայաստանում գործում է միայն հարկահավաքությունը, իսկ մյուսը` նոր ձեռնարկությունների զարգացմանը խթանելու ֆունկցիան, չի գործում:
«Փոքր ձեռնարկատերերին, ովքեր չունեն բարձր տանիք` հովանավորներ, այնքան են ճնշում, որ նրանք ստիպված փակում են իրենց գործը, այնինչ` նրանց պետք է արտոնություններ տրվեն, որպեսզի շատանան հարկատուները»,- ասում է Աղաջանովը:
Հարկային դաշտից մասամբ դուրս են մնացել շինարարության, հյուրանոցային և ծառայությունների ոլորտները: Ըստ Ալավերդյանի` հարկային օրենսդրությունը դեռևս թերի է այս ոլորտներն ամբողջությամբ հարկային դաշտ բերելու համար:
Հայաստանի խոշոր հյուրանոցների գործունեությունը և էլիտար շենքերի շինարարության 60 տոկոսը փաստաթղթերով իրականացնում են օտարերկրյա ընկերությունները, որոնք արտոնություններ ունեն և մասամբ կամ ամբողջությամբ ազատված են շահութահարկից:
Frontline Updates
Support local journalists